Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի նկատմամբ կիրառում է ՝՝խելամիտ երկխոսությամբ՝ ուժեղ պաշտպանության մոտեցումը՛՛. Յենս Ստոլթենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը Ստամբուլում հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերություններին, Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձին ու ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին վերաբերող հայտարարությամբ։

՝՝Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններն անցած տարիներին եղել են պաշտպանողական ու համաչափ՝ համապատասխան միջազգային իր պարտավորությունների՛՛։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը՝ հանդես գալով Ստամբուլում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում։

Իր ելույթի ընթացքում Ստոլթենբերգն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձին ու ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին։

Նրա խոսքերով, Ռուսաստանի հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ն որդեգրում է ՝՝խելամիտ երկխոսությամբ ուժեղ պաշտպանության մոտեցումը՛՛։

՝՝Այն ամենն, ինչ ՆԱՏՕ-ն անում է, ունի զուտ պաշտպանական բնույթ։ Կիրառվող բոլոր գործողությունները համաչափ են եւ լիովին համապատասխանում են միջազգային իր պարտավորություններին։ Մինչեւ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրագործված ագրեսիան ՆԱՏՕ-ն չի ունեցել իր արեւելյան դաշնակից երկրնե զորքեր ուղարկելու որեւէ ծրագիր։ ՆԱՏՕ-ի նպատակն է կանխել հակամարտությունները։ Մենք լիովին հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ուժեղ պաշտպանություն եւ խելամիտ երկխոսություն ձեւաչափին՛՛։

Ստոլթենբերգն ավելացրել է, թե ինքը սպասում է Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ միասնական աշխատանքներին։


՝՝Ես ողջունում եմ Վաշինգտոնում հաստատվող նոր վարչակազմին եւ սպասում եմ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հետ աշխատանքներին։ Եվրոպայի ու Միացյալ Նահանգների միջեւ գործընկերությունն անկոտրում է արդեն մոտ 7Օ տարի։ Գործընկերություն, որն ԱՄՆ-ում միշտ էլ արժանացել է աջակցության՝ առանց կուսակցական տարբերության։ Եվ հավատացած եմ, որ բեռը կիսելու քաղաքականությունն այդ համագործակցությունն ավելի է ամրապնդելու՛՛։

Խոսելով Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձի շուրջ՝ Ստոլթենբերգն ասել է, թե այն մի ՝՝սթափ հիշեցում էր՛՛ այն մասին, որ ժողովրդավարությունն ու ազատությունը չպետք է ընդունել որպես ի վերուստ տրված ընծաներ, եւ որ դրանք անհրաժեշտ է պաշտպանել ամեն գնով։

Վեհաժողովի ժամանակ հյուրընկալ պետության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե ահաբեկչության դեմ պայքարում Անկարան զգում է աշխարհի օգնության կարիքը։ Սակայն նա նաեւ մեղադրել է հատկապես Եվրոպական Միությանն ու ԱՄՆ-ին՝ այդ խմբավորումների նկատմամբ, մեջբերում եմ, ՝՝հակասական՛՛ մոտեցումներ ցուցաբերելու մեջ։

XS
SM
MD
LG