Մատչելի հղումներ

Մոտ ապագայում հայ-ամերիկյան հարաբերություններում խոշոր զարգացումներ են սպասվում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԱՄՆ-ի կոնգրեսական, հայկական ծագում ունեցող Ջեքի Սփիրը.

«Կարծում եմ, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերություններն առավել ընդլայնվելու եւ նոր բնագավառներ ներգրավելու հսկայական ներուժ ունեն»:

Որպես Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, Ջեքի Սփիրը 2017-ին նախատեսում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել.

«Մոտ ապագայում Հայաստանի դեսպանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք կոնգրեսականների մեծ պատվիրակության այց կազմակերպել Հայաստան»:

Օրակարգում է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ նոր քույր քաղաքների հռչակումն ու Երեւան-Լոս Անջելես ուղիղ չվերթի բացում.

«Ես ցանկանում եմ, որ Լոս Անջելեսից Երեւան ուղիղ չվերթ բացվի նաեւ անձնական նկատառումներից, քանի որ համոզված եմ, որ հաջորդ տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ Հայաստան եմ այցելելու»:

Սակայն հայ-ամերիկյան հարաբերությունների ոլորտում կարեւորագույն խնդիրը, որը կոնգրեսական Սփիրը հույս ունի լուծել 2017 թվականին, Հայաստանին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի օգնության վերականգնում է.

«Այս հարցում ես Հայաստանի օգնության կարիքն ունեմ: Մենք ցանկանում ենք Հայաստան վերադարձնել Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի դրամաշնորհնրեը: Դա լուրջ գումարներ են Հայաստանի համար եւ որքան խորը զարգանա ժողովրդավարությունը Հայաստանում, այնքան մեծ է այդ օգնության Հայաստանին տրամադրելու հավանականությունը»:

Հատուկ նշանակություն անհրաժեշտ է հատկացնել նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Սակայն, եթե նախկինում տնտեսական համագործակցությունը հիմնականում առեւտրի եւ ներդրումների վրա էր կենտրոնացած, տեխնոլոգիական նոր դարում անհրաժեշտ է զարգացնել գիտատեխնիկական կապերը, նշում է կոնգրեսականը.

«Ցանկալի է փոխադարձ հարաբերություններ զարգացնել Սիլիկոնե հովտի եւ Հայաստանի միջեւ, որպեսզի հայ մասնագետները այցելեն, լինի իրական գիտելիքի փոխանակում»:

Ջեքի Սփիրի խոսքով, եթե նախկինում հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացան բարձրագույն կետին էին հասել 20-րդ դարի սկզբում, երբ դեսպան Մորգենթաուն փորձում էր հակազդել Հայոց ցեղասպանությանը, ապա նոր դարում անհրաժեշտ է նոր հեռանկարների հասնել.

«Ես անհրաժեշտ եմ համարում շատ ավելի ամուր հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ»:

Կոնգրեսական Սփիրի խոսքով, այսօր առավել քան երբեւէ հզոր է Միացյալ Նահանգների հայ համայնքը եւ Երեւանը Վաշինգտոնում ունի զորեղ դեսպան: Այդ հնարավորություններից անհրաժեշտ է օգտվել երկու կողմերին՝ զարգացնելով հարաբերությունները:

XS
SM
MD
LG