Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղն ականազերծ կհայտարարվի երեքից չորս տարի անց


1979 թվականին աշխարհի մակարդակով մտահոգության մեծ ալիք էին բարձրացրել տարբեր հակամարտությունների արդյունքում չպայթած ականների պատճառով խաղաղ բնակիչների թվում հազարավոր զոհերի մասին տեղեկությունները։ Աղետալի ամենածանր իրավիճակը տիրում էր Աֆղանստանում խորհրդային զորքերի դուրսբերումից հետո։

Ականազերծման կարեւորությունը միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվեց 1997 թվականին, հատկապես այն բանից հետո, երբ իշխանուհի Դայանան այց կատարեց Անգոլայի ականապատ այն տարածքներ, որտեղ ականազերծման գործունեություն էր ծավալում բրիտանա-ամերիկյան ՝՝Halo Trust՛՛ կազմակերպությունը։

Ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հետ զրույցում ՝՝Halo Trust՛՛-ի ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Ադամ Յասինսկին է ասում.

՝՝Կազմակերպությունն այժմ ականազերծման աշխատանքներ է ծավալում աշխարհի 19 երկրներում ու երկրամասերում, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղն է։ Այստեղ ականազերծման աշխատանքները սկսվել են 2ՕՕՕ թվականից եւ արդեն վնասազերծվել է ականապատ տարածքների մոտ 9Օ տոկոսը՛՛։

1999 թվականին կազմակերպությունը արագ արձագանքել է Կոսովոյի, 2ՕՕՕ-ին՝ Էրիթրիայի ու Եթովպիայի միջեւ պատերազմից հետո վտանգավոր կացության մասին լուրերին ու օրերի ընթացքում սկսել ականազերծման գործունեությունը՝ այն շարունակելով Շրի Լանկայում։ Վերջերս էլ ականազերծման աշխատանքներ է սկսել իրականացնել Ուկրաինայում ու Սիրիայում։ Մինչ այդ 2ՕՕ8 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ականազերծել է մեծաթիվ դաշտեր Վրաստանում, 2Օ11 թվականին ականազերծ հայտարարել ամբողջ Աբխազիայի տարածքը։

Լեռնային Ղարաբաղում 2ՕՕՕ թվականից ի վեր ականազերծվել է ականապատ 1Օ հազար դաշտ, վնասազերծվել՝ ավելի քան 1Օ հազար կասեթային ռումբ, ինչպես նաեւ տարբեր տիպի հազարավոր այլ պայթուցիկներ։ Գործնական աշխատանքն իրականացվում է տեղի բնակչության մասնակցությամբ, ասում է Ադամ Յասինսկին։

՝՝Այժմ միայն Լեռնային Ղարաբաղում այդ գործն իրականացնում է 17Օ մարդ, տղամարդիկ ու կանայք՛՛։

Նա շեշտում է, որ մինչ դաշտ դուրս գալը տեղացի աշխատակիցներն անցնում են լուրջ մարզումներ։ Հիշեցնում է նաեւ, որ առաջին տարիներին այս գործին Ղարաբաղում լծված էր ավելի քան 3ՕՕ մարդ։ Աշխատակիցների թվի կրճատումը կապված է ֆինանսավորման հետ։

Դրամական միջոցները տրամադրում է ԱՄՆ-ի կառավարությունը՝ USAID-ի միջոցով։ Նկատելի աջակցություն կա ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրներում հայկական համայնքների կողմից։

՝՝Դժվարությունն այն է, որ հայկական իրականությունից դուրս մարդիկ չգիտեն ղարաբաղյան հակամարտության պատմությունը ու չեն հասկանում այն լիովին։ Դա է անհատ մարդկանց դրամահավաք աշխատանքների մեջ ներգրավելու դժվարության հիմնական պատճառը։ Այդ պատճառով էլ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են հայկական համայքների վրա ու մասնակից դարձնում վառ անհատականություններին՛՛։

Չպայթած ականների վնասազերծումը չունի միայն մարդկանց կյանքը փրկելու նպատակ։ Այն նաեւ նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, ապահովում ճանապարհների անվտանգությունը՝ այսպիսով զարկ տալով հաղորդակցությանը։

Իր գոյության ընթացքում ՝՝Halo Trust՛՛ կազմակերպությունն աշխարհի տարբեր հատվածներում ականազերծել է մեկ ու կես միլիոն ական, հրանոթային մեծ տրամաչափի 11 միլիոն ռումբ, ավելի քան 2ՕՕ հազար կասեթային ռումբ՝ իրականում փրկելով մարդկային հարյուր հազարավոր կյանքեր։

՝՝Halo Trust՛՛-ի ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Ադամ Յասինսկիի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը կարող է լիովին ականազերծ հայտարարվել եկող 3-ից 4 տարիների ընթացքում։

XS
SM
MD
LG