Մատչելի հղումներ

Օբամա. Ժողովրդավարությունը՝ զարգացման կարեւոր գրավական


Միացյալ Նահանգները շարունակելու է կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում իր դաշնային պարտավորությունները, Հունաստանում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

«Ամերիկայի ամենամոտ բարեկամները ժողովրդավար պետություններն են եւ ՆԱՏՕ-ում մենք միասնական ենք որպես ժողովրդավար պետությունների միություն»:

Ելույթ ունենալով ժողովրդավարության բնօրրանում, Միացյալ Նահանգների նախագահն անդրադարձել է նաեւ աշխարհում ժողովրդավարության տարածման հեռանկարներին: Պատասխանելով նրանց, ովքեր հայտարարում են, թե բոլոր ազգերը չէ, որ պատրաստ են ժողովրդավարությանը՝ նախագահ Օբաման նշել է.

«Յուրաքանչյուր երկիր անշուշտ իր ուղին եւ իր ավանդույթներն ունի, սակայն հավատացած եմ, որ հիմնարար ցանկությունները՝ ապրել արժանապատիվ, սեփական կյանքի ու ապագայի տերը լինել եւ ազգի, համայնքի մաս լինել, այդ ցանկությունները համընդհանուր են: Դրանք փայփայում է յուրաքանչյուր մարդ իր հոգում»:

Բարաք Օբաման հիշեցրել է, որ ժողովրդավար պետությունները միմյանց դեմ պատերազմներ գրեթե չեն մղում, իսկ դրանք բնակչությունը գիտակցում է, որ գոյություն ունի ոչ բռնի իշխանության փոփոխության միջոց.

«Հենց դա է կայունություն բերում, որն էլ վերջին հաշվով օգնում է հասնել տնտեսական զարգացմանը»:

ԱՄՆ-ի քաղաքականությանը կլիմայի փոփոխության ոլորտում անդրադարձել է նաեւ պետքարտուղար Ջոն Քերրին, ով մասնակցել է Մարաքեշում անցած շրջակա միջավայրի փոփոխության վեհաժողովի աշխատանքներին:

«Ամերիկայում քամու էներգիայի արտադրությունը 2008 թվականից ի վեր եռապատկվել է, իսկ արեգակնային էներգիայի արտադրությունն ավելացել է 30 անգամ: Երկուսն էլ կշարունակեն աճել, որովհետեւ դա է պահանջում շուկան, այլ ոչ թե կառավարությունը»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմակիցների որոշ հայտարարություններ կասկածի տակ էին դնում ԱՄՆ-ի նվիրվածությունը կլիմայի փոփոխության Փարիզյան համաձայնագրին: Պետքարտուղար Քերրիի խոսքով սակայն, ԱՄՆ-ի հասարակության կողմից կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարեւորությունը լավ է գիտակցվում.

«Միացյալ Նահանգների բնակչության մեծամասնությունը գիտակցում է կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները եւ պատրաստ է իրականացնել մեր պարտավորությունները այս ուղղությամբ»:

XS
SM
MD
LG