Մատչելի հղումներ

Նյու Յորքից մինչեւ Կալիֆորնիա, երրորդ օրը լինելով, շարունակվում են տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ցույցերը։ Նրանց փողոցներ է դուրս հանել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, որը հունվար ամսին ստանձնելու է երկրի 45-րդ նախագահի պարտականությունները։

Ցույցերը շարունակվում են Օրեգոնի Փորթլենդ քաղաքում, Դալասում, Նյու Յորքում եւ այս քաղաքների միջեւ ընկած այլ բնակավայրերում։
Մինեսոտայի համալսարանի մոտ անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներից այս կինն է ասում.
՝՝Բողոքում եմ, քանի որ ես աշխատում եմ պետական դպրոցների համար, աշխատում եմ տարբեր ռասաների պատկանող երեխաների համար։ Իմ որդեգրած երեխան էլ այլ ռասայի է պատկանում։ Ես մտածում եմ աշխարհի մասին, մտածում են շրջակա միջավայրի մասին, ես սիրում եմ մարդկանց եւ ուզում եմ ավելի լավ աշխարհում ապրել։ Երբեք չեմ մտածել, որ նման բան կպատահեր՛՛։

Փորթլենդում հազարավոր մարդկանց մասնակցությամբ անցկացված ցույցը երթով անցնում էր քաղաքի տարբեր հատվածներով։ Երթի ժամանակ գրանցվել են բռնություններ, երբ մասնակիցները ճանապարհին կոտրել են խանութների ապակիները, հասցրել այլ վնասներ։

Ոստիկանությունն այս գործողություններն անվանել է ՝՝ապստամբություն՛՛ ու նշել, որ որոշ մարդիկ կրել են բեյզբոլի մահակներ ու բարձրախոսներով կոչ արել մյուսներին միանալ երթին։

Օրեգոնի ճանապարհատրանսպորտային հարցերով վարչությունը փակել է միջնահանգային մայրուղիների որոշ հատվածներ։ Դենվերում ցուցարարաներին հաջողվել է փակել միջնահանգային թիվ 25 մայրուղին։ Մայրուղիներ են արգելափակվել նաեւ Մինեապոլիսում։ Մարդաշատ ցույցերը տարածվել են դեպի Ֆիլադելֆիա, Նյու Յորք, Բալթիմոր եւ Լուիսվիլ։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփի հնչեցրած ամենակոպիտ մեկնաբանությունները վերաբերել են մեքսիկացի ներգաղթյալներին, որոնցից շատերը, ըստ նրա, քրեական հանցագործներ են ու բռնաբարողներ։ Նախընտրական արշավի ժամանակ արտասանած իր ելույթներում Թրամփը սպառնացել է սկսել ԱՄՆ-ում բնակվելու ու աշխատելու օրինական փաստաթղթեր չունեցող անձանց զանգվածային արտաքսումներ։

XS
SM
MD
LG