Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփի կառավարության թեկնածուները


Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հունվարին ստանձնել պաշտոնն ու Սպիտակ տուն տեղափոխվել: Սակայն մինչ այդ Թրամփի առաջնահերթությունների թվում է նոր կառավարություն ձեւավորել: Նոր վարչակազմի նշանակումների մասին դեռեւս չի հայտարարվում, սակայն, բանակցություններն արդեն սկսվել են եւ հայտնի են հիմնական թեկնածուները:

Ինդիանայի նահանգապետ, նորընտիր փոխնախագահ Մայք Փենսն ապագա վարչակազմի միակ անդամն է, ում անունը հստակ է հայտնի: Ի պաշտոնե որպես փոխնախագահ Փենսը նախագահելու է Միացյալ Նահանգների Սենատը: Ինքն իրեն Մայք Փենսը բնորոշում է որպես «առաջին հերթին քրիստոնյա, ապա նաեւ պահպանողական եւ վերջապես՝ հանրապետական»: Երիտասարդ տարիներին նա նույնիսկ ցանկացել է հոգեւորական դառնալ:

Թրամփի կողմնակից եւ հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ռինս Փրիբուսը կարող է ղեկավարել Սպիտակ տան նոր աշխատակազմը: Փրիբուսին հաջողվում է սերտ հարաբերություններ պահպանել ինչպես նորընտիր հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի այդպես էլ՝ Ներկայացուցիչների պալատի հանրապետական ղեկավար Փոլ Ռայանի հետ, ինչը Ռինս Փրիբուսին անփոխարինելի է դարձնում:

Պետքարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Նյութոն Գինգրիչը, ով 1998-ին նույնպես ղեկավարում էր Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատը: 2012-ին Գինգրիչը փորձել էր Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվել, սակայն, 2016-ին միանշանակ աջակցել էր Թրամփին եւ նույնիսկ համարվում էր փոխնախագահի հնարավոր թեկնածու: Պետքարտուղարի պաշտոնին հավակնում է նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար եւ Թրամփի կողմնակից Բոբ Քորքերը:

Ֆինանսների նախարարի պաշտոնի հիմնական հավակնորդն է Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի ֆինանսական պատասխանատու Սթիվեն Մնուչինն, ով 17 տարի աշխատել է Goldman Sachs-ի ղեկավար կազմում, այնուհետեւ՝ գեղարվեստական ֆիլմեր արտադրող ընկերություն հիմնադրել, որն էլ արտադրել է X-Men ֆիլմերի շարքը:

Պենտագոնը կարող է ղեկավարել Ալաբամա նահանգի սենատոր Ջեֆ Սեշոնսը, ով դեռեւս փետրվարին աջակցություն էր հայտնել Թրամփի թեկնածությանը՝ դառնալով Դոնալդ Թրամփին աջակցություն հայտնած առաջին օրենսդիրներից մեկը: Սեշոնսը համարվում է պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով Թրամփի հիմնական խորհրդականը: Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնին հավակնում է նաեւ Դոնալդ Թրամփի թիմի անդամ գեներալ-լեյտենանտ Մայք Ֆլինը: Որպես գործող զինվորական, Ֆլինը սակայն կարող է պաշտպանության նախարար նշանակվել միայն Կոնգրեսի հատուկ վավերացմամբ, քանի որ օրենքի համաձայն Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար կարող են լինել քաղաքացիական անձինք կամ առնվազն 7 տարի առաջ զինվորական ծառայությունը թողած քաղաքացիները:

Դոնալդ Թրամփի առավել ակտիվ կողմնակիցներից մեկը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին շատերը տեսնում են ԱՄՆ-ի Գլխավոր դատախազի պաշտոնում: Ջուլիանիին շատերը համարում են օրենքի գերակայության պահպանման համար կոշտ միջոցների կողմնակից:

Ինքը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է հավաքել իր թիմը ինչպես հանրային այդպես էլ՝ մասնավոր հատվածում աշխատող թեկնածուներից:

XS
SM
MD
LG