Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը հանդես եկավ պարտության առիթով ավանդական ելույթով


ԱՄՆ-ի նախագահական լարված ընտրություններում Դոնալդ Թրամփի նկատմամբ պարտություն կրելուց հետո, Հիլարի Քլինթընը հանդես եկավ պարտվող կողմի ավանդական ելույթով։ Պարտությունը նրա համար ծանր էր հատկապես այն պատճառով, որ մեծ էին հաղթելու նրա ու նրա աջակիցների հույսերը։

Նա իր ելույթը սկսեց, հիշեցնելով, որ նախորդ օրն ինքը շնորհավորել է Թրամփին եւ առաջարկել նրան միասնաբար աշխատել հանուն ընդհանուր հայրենիքի։

Ամբողջ ընտրարշավի ընթացքում նյույորքցի գործարար Թրամփը հարցումների համաձայն հետ էր մնում Քլինթընից։ Սակայն նա էր, որին տրված էր հաղթանակողի ելույթով հանդես գալու հնարավորությունը։

՝՝Ես հենց նոր ստացա Հիլարի Քլինթընից հեռախոսազանգ, որը շնորհավորեց ինձ։ Իսկ դա մեր հաղթանակի մասին է խոսում։ Ես իմ կողմից բարի խոսքեր ասացի նրան ու նրա ընտանիքին այս դժվարին քարոզարշավին մասնակցելու համար՛՛։

՝՝Մեր ընտրարշավը երբեք մի մարդու մասին չի եղել։ Այն եղել է մի ամբողջ երկրի մասին, երկիր, որին սիրում ենք։ Մենք տեսանք, որ մեր ժողովուրդն ավելի երկփեղկված է, քան մենք ենթադրում էինք։ Սակայն ես շարունակում եմ հավատալ Ամերիկային ու միշտ եմ հավատալու։ Ու եթե դուք էլ ինձ պես հավատում եք, ուրեմն պետք է ընդունենք ընտրությունների արդյունքը եւ նայենք դեպի ապագան՛՛, իր ելույթում ասաց Քլինթընը։

Նա այնուհետեւ նշեց, որ երկրի կառուցման գործում ժողովրդի մասնակցությունը տեղի չի ունենում ամեն չորս տարին մեկ, այլ՝ ամեն օր։

՝՝Ուրեմն եկեք ամեն ինչ անենք առաջխաղացումը շարունակելու համար, որպեսզի լավ աշխատի մեր տնտեսությունը բոլորի համար, այլ ոչ թե միայն նրանց, ովքեր վերին օղակներում են, որպեսզի պաշտպանենք մեր երկիրն ու մոլորակը՛՛։

Նա այնուհետեւ շնորհակալություն հայտնեց փոխնախագահի իր թեկնածու Թիմ Քեյնին ու բոլոր իր աջակիցներին։ Խոսելով նախագահ Բարաք Օբամայի ու առաջին տիկին Միշել Օբամայի մասին՝ Քլինթընն ասաց, որ Ամերիկան երախտապարտ է նրանց՝ մատուցված ծառայությունների համար։

՝՝Ես ունեցել եմ հաջողություններ ու ցավալի բացթողումներ իմ գործունեության ընթացքում։ Ձեզնից շատերն այսօր նոր են սկսում իրենց մասնագիտական գործունեությունը, եւ գիտեմ, որ դուք էլ եք ունենալու հաջողություններ ու դժվարություններ։ Սակայն թող որեւէ սխալ ձեզ երբեք չկանգնեցնի։ Կոչ եմ անում, երբեք չդադարեք հավատալ, որ հարկավոր է պայքարել հանուն արդարության՛՛։

Քլինթընի խոսքերով, ինքը մեծապես երախտապարտ է ԱՄՆ-ին այն ամենի համար, ինչ այն տվել է իրեն։

՝՝Ես շարունակում եմ խորապես հավատալ, որ եթե կանգնենք միասին ու աշխատենք միասին՝ հարգելով մեր միջեւ առկա տարբերությունները, մեզ սպասում են ավելի երջանիկ օրեր՛՛։

Իր ելույթում Քլինթընը կոչ արեց հավատք ունենալ մեկը մյուսի նկատմամբ ու երբեք չհուսախաբվել, քանի որ, ասաց նա, դեռեւս շատ աշխատանք կա կատարելու։

Հիլարի Քլինթընը նախագահական ընտրապայքարում պարտության առիթով արտասանած ելույթը եզրափակեց հետեւյալ խոսքերով.

՝՝Այս հնարավորությունն ունենալու հանգամանքը մեծ պատիվ էր ինձ համար։

Աստված թող օրհնի բոլորիդ եւ թող Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները՛՛։


XS
SM
MD
LG