Մատչելի հղումներ

Թրամփն ու Քլինթընը կոչ են անում ընտրություններում ցուցաբերել գործուն մասնակցություն


Այս օրերին, երբ ԱՄՆ-ում հաշվված օրեր են մնացել մինչեւ նախագահական ընտրությունները, երկրի նախագահն ու Առաջին տիկինը գործուն քարոզարշավ են իրականացնում՝ հօգուտ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթընի։

Դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթընի վարկանիշը շարունակում է մի քանի տոկոսով գերազանցել հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի ձայներին։ Սակայն որոշ հարցումների արդյունքում Քլինթընը Թրամփի նկատմամբ չունի առավելություն։ Սա խոսում է այն մասին, որ երկու թեկնածուները պիտի պայքարեն յուրաքանչյուր ձայնի համար։ Այս մասին էր Հյուսիսային Քարոլինայում հայտարարում ԱՄՆ-ի Առաջին տիկին Միշել Օբաման՝ կոչ անելով չանտեսել ընտրելու իրենց իրավունքն ու քաղաքացիական պարտքը։

Նրա խոսքերով, Թրամփի այն հայտարարությունները, որոնց համաձայն ընտրությունները կեղծվելու են, ունեն քվեարկողներին ընտրություններին մասնակցելու հարցում ապախրախուսելու նպատակ։ Իսկ չքվեարկելով՝ ընտրելու իրավունք ունեցող անձինք վտանգի տակ են դնում Քլինթընի հաղթանակը, ասում էր նա։

՝՝Քլինթընն ավելի մեծ փորձառություն ու նկատելի դիրք ունի նախագահ ընտրվելու համար, քան որեւէ այլ թեկնածու մեր անցած տարիների ընթացքում՛՛։

Քլինթընը նույնպես, Հյուսիսային Քարոլինայում շարունակ կրկնում էր ընտրելու իրավունքն օգտագործելու կարեւորությունը։

՝՝Տնտեսությունը, ներգաղթը, ամուսնության հարցով հավասար իրավունքները, շրջակա միջավայրի պահպանությունը, կրթական համակարգը բնագավառներ են, որոնք բարելավվելու կարիք ունեն, ինչին պիտի օգնի ընտրողն՝ ընտրելու իր իրավունքը կիրառելով՛՛։

Թրամփը խոստանում է հետ բերել աշխատատեղերն ԱՄՆ, որոնք նրա խոսքերով, տեղափոխվել են Մեքսիկա ՝՝ներկա թեկնածու Քլինթընի ամուսնու նախագահության օրոք՛՛։

Չնայած Քլինթընի կողմնակիցներն ասում են, թե ընտրություններում քիչ մասնակցությունը կարող է գործել Թրամփի օգտին, վերջինս նույնպես կոչ է անում գործուն մասնակցություն ցուցաբերել ընտրություններում։ Օհայոյում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարում էր, թե որոշ հարցումների համաձայն, միջին-արեւմտյան նահանգներում ինքն առաջ է Քլինթընից։

XS
SM
MD
LG