Մատչելի հղումներ

՝՝Թուրքիայում ոստիկանությունն իրականացնում է խոշտանգումներ՛՛. Human Rights Watch


Թուրքիայի ոստիկանությունը մեղադրվում է հուլիսյան հեղաշրջման փորձից հետո իրականացրած խոշտանգումների մեջ։ Այս մասին ասված է ԱՄՆ-ից գործող Մարդու իրավունքների պատշպանություն կազմակերպության զեկույցում։

Մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության կողմից Թուրքիայի մասին երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում ասված է, թե վկայություններ կան այս երկրում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ իրադրության պայմաններում իրականացվող մարդու իրավունքների ոտնահարումների ու խոշտանգումների մասին։

Կազմակերպության Թուրքիայի հարցերով ավագ փորձագետ Էմմա Սինքլեր-Ուեբի խոսքերով, այսօր, երբ ոստիկանությանը տրված է կալանավորներին առանց մեղադրանքներ ներկայացնելու մինչեւ 3Օ օր կալանավայրում պահելու եւ դատապաշտպանի ծառայությունից զրկելու հնարավորություն, լայն դռներ են բացվում բռնամիջոցներ կիրառելու առջեւ։

՝՝Մարդկանց դնելով ստրեսային ծանր իրավիճակների մեջ՝ նրանց ենթարկում են ծեծի, բռնաբարության սպառնալիքների։ Կան կալանավորվածների ընտանիքների նկատմամբ սպառնալիքների կիրառման մասին վկայություններ՛՛։

Փորձագետի խոսքերով, կալանավորներին սպառնում են կալանավայրեր տեղափոխել ու բռնաբարել նաեւ նրանց կանաց։

47 էջանոց զեկույցում ընդգրկված են 13 անձանց նկատմամբ բռնությունների մասին տեղեկություններ, մինչդեռ Թուրքիայի իշխանությունները դա փորձում են արդարացնել հեղաշրջման փորձից հետո ՝՝երկրին սպառնացող վտանգով՛՛։ Կառավարությունը նաեւ հերքում է խոշտանգումների մասին տեղեկությունները։

Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հայտարարում է, թե 2ՕՕ2 թվականին իշխանության գալուց ի վեր աշխատել է վերացնել խոշտանգումները։ Սակայն Մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության զեկույցը, ընդունելով նախկին որոշ ձեռքբերումներ, մեղադրում է կառավարությանը՝ բռնությունները վերջ տալու նպատակով հաստատված պայմաններից հրաժարվելու մեջ։

Անցյալ ամիս էլ արտակարգ իրադրության պայմաններում ընդունված հրամանագրի համաձայն, բանտերում վերացվել են դիտորդական խորհուրդները։

Ինչպես Էմմա Սինքլեր-Ուեբն է ասում, Թուրքիայում շատ մեծ է վախի մթնոլորտը։

՝՝Մեծաթիվ իրավապաշտպաններ վախենում են բռնությունների մասին հանդես գալու պատճառով պատժվելու հնարավորությունից՛՛, ասում է նա։

Այդ պատճառով, ըստ զեկույցի, մեծաթիվ փաստաբաններ դժկամություն են ցուցաբերում կալանավորներին ներկայացնելու հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպությունը (Human Rights Watch) կոչ է անում Թուրքիային հրաժարվել արտակարգ իրադրության պայմաններում ոստիկանությանը տրված իշխանության հավելյալ լծակներից։ Այն նաեւ կոչ է անում այս երկրի կառավարությանը՝ ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ հետաքննիչին տալ Թուրքիա այց կատարելու արտոնություն։

XS
SM
MD
LG