Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը գուցե չընդունի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքը


ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի խոստանում, որ կճանաչի նախագահական ընտրությունների արդյունքները։ Դեմոկրատ իր մրցակից Հիլարի Քլինթընի հետ հեռուստատեսային վերջին բանավեճի ընթացքում նրանք հակասական դիրքեր էին որդեգրել Ռուսաստանի հետ հարաբերություններին, ներգաղթին, Գերագույն դատարանի դատավորներին նշանակելու եւ մի շարք այլ հարցերի շուրջ։

Դոնալդ Թրամփի ու Հիլարի Քլինթընի միջեւ երկրորդ բանավեճն էր, երբ թեկնածուներն իրար ձեռքով չողջունեցին։ Ամենահետաքրքիր պահերից մեկն այն էր, երբ բանավեճը վարող Քրիս Ուոլեսը պնդեց, որ Թրամփը մեկնաբանի իր այն հայտարարությունները, որոնց համաձայն ԱՄՆ-ի ընտրական գործընթացն անարդարացիորեն ուղղված է իր դեմ։

Հարցին, թե կճանաչի ինքը ընտրությունների արդյունքը, Թրամփը պատասխանեց.

՝՝Ես այդ հարցին կնայեմ, երբ ժամանակը գա։ Ես հիմա դրան չեմ նայում։ Մինչեւ հիմա տեսածս վատ բաներ են եղել։ Նախ՝ մամուլը շատ անարդար է, որը թունավորել է քվեարկողների միտքը՛՛։


Քլինթընի խոսքերով, Թրամփի այս պատասխանը ՝՝սարսափեցնող՛՛ է եւ դեմ է ԱՄՆ-ի քաղաքական ավանդույթներին։

՝՝Նա սեւացնում է մեզ ու վատաբանում ժողովրդավարության մեր սկզբունքները։ Ես ահաբեկված եմ ինձ զգում, թե ինչպես կարող է երկու խոշորագույն կուսակցություններից մեկի թեկնածուն ունենալ նման դիրքորոշում՛՛։

Թրամփը եւ Քլինթընը իրար բախվեցին նաեւ այն հարցում, թե արդյոք Ռուսաստանը փորձում է կիբեր հարձակումներով ազդեցություն գործել ԱՄՆ-ի ընտրական գործընթացի վրա, ինչպես այդ մասին կարծում են ԱՄՆ-ի հետախուզության պաշտոնատար անձինք։

Քլինթընը հարց ուղղեց, թե արդյո՞ք այս պարագայում Թրամփն ընդունում ու դատապարտում է ռուսներին, թե արդյո՞ք նա չի ստանալու Պուտինի օգնությունն այս ընտրություններում եւ արդյո՞ք նա դատապարտում է ռուսական լրտեսությունն ընդդեմ ամերիկացիների։

Թրամփի խոսքերով, ինքն իհարկե կդատապարտի Ռուսաստանին նման գործունեության համար, եթե պարզվի, որ դա իրականություն է։ Նա նշեց սակայն, որ կիբեր հարձակումների կարող էին դիմել նաեւ Չինաստանը կամ այլ երկրներ։

՝՝Ես Պուտինի հետ ծանոթ չեմ։ Նա իմ մասին լավ խոսքեր է ասել, ու եթե մենք կարողանանք լեզու գտնել միմյանց հետ, լավ կլինի։ Լավ կլիներ, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը լավ հասկանային միմյանց ու միասնաբար պայքարեին ընդդեմ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման։ Իսկ Պուտինը Հիլարիի նկատմամբ նման հարգանք չի տածում։ Նա չի հարգում նաեւ մեր նախագահին՛՛։

Ինչ վերաբերում է առնվազն ինը կանանց սեռական անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքներին, Թրամփն ուներ նախապատրաստած պատասխան։

Նրա խոսքերով, այդ բոլոր պատմությունները հորինված են։ Ես այդ մարդկանց չեմ ճանաչում, հայտարարեց նա, ավելացնելով, թե հավատացած է, որ այդ ամենը Քլինթընի նախընտրական շտաբի կազմակերպած գործն է։
Թեկնածուները նաեւ իրար հակասող տեսակետներ ներկայացրին Գերագույն դատարանի պաշտոնյաներին նշանակելու, արհեստական վիժումների եւ ներգաղթի մասին հարցերում։ Թրամփը կրկնեց Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու իր ծրագիրը, ինչը Քլինթընի խոսքերով, ընտանիքների անդամներին միմյանցից բաժանելու քայլ է։

Վերջին հարցումների համաձայն, Քլինթընը Թրամփից առաջ է 7 միավորով։

XS
SM
MD
LG