Մատչելի հղումներ

Ռուսաստանը փորձում է ապակայունացնել Հյուսիսատլանտյան դաշինքը


Romania NATO F16
Romania NATO F16

Արևմտյան երկրների առջև ծառացած խնդիրները, ինչպիսիք են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը, բազմաթիվ գաղթականների ներհոսքն ու ծայրահեղականության աճը, շարունակում են լարվածության մեջ պահել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՈ): Ի հավելում դրան, վերջին շրջանում Ռուսաստանի որդեգրած նոր ագրեսիվ քաղաքականությունը մեկ այլ փորձություն է դաշինքի համար:

Վերջերս ընդհատված ռուս-ամերիկյան պայմանագիրը միջուկային և էներգետիկ ոլորտներում հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ այդ երկրների երկկողմանի հարաբերություններում առկա լարվածության վառ ապացույց է:

Արևելյան Ուկրայինայում անջատողականներին ցուցաբերվող Ռուսաստանի աջակցությունն ու 2014 թվականի Ղրիմի բռնակցումը լարվածություն են ստեղծել ռուս-ամերիկյան հարաբերություններում, որն էլ մեծապես նպաստել է պայմանագրի ընդհատմանը: Արևմտյան երկրները մեծապես անհանգստացած են այն փաստից, որ վերջերս Ռուսաստանը Իսկանդեր-Մ տեսակի հրթիռներ տեղադրեց Լիտվային ու Լեհաստանին սահմանակից Կալինինգրադում՝ ներկայացնելով դա որպես սովորական զորավարժություններ: Այս զինատեսակը տեխնիկապես կարող է հագեցված լինել միջուկային հրթիռներով:

Որոշ փորձագետներ կարծում են, որ այդ գործողություններով Ռուսաստանը նպատակ ունի ապակայունացնել Հյուսիսատլանտյան դաշինքը:

«Նրանք փորձում են գտնել խոցելի տեղեր՝ օգտագործելով պառակտումներն ու տարաձայնությունները: Նպատակներն են ամրապնդել սեփական ազդեցությունը տարածաշրջանում ու խափանել ինտեգրման գործընթացը: Կարծում եմ դրանով Մոսկվան փորձում է հավաստիացնել, որ իր առաջարկած մոդելն ամենահարմարն է Բալկանյան տարածաշրջանի համար», ասում է «Ատլանտյան խորհուրդ» կենտրոնի փորձագետ Դեյմոն Վիլսոնը:

ՆԱՏՈ-ի նախկին քարտուղար Անդերս Ռասմուսենն ասում, որ Ռուսաստանը նախկին ռազմավարական գործընկերոջից վերածվել է ռազմավարական մրցակցի: Ղրիմի բռնակցմամբ այն ստեղծել է բացարձակ այլ մթնոլորտ Եվրոպայում, որը պետք է հարմարվի այս նոր իրականությանը:

«Մենք պետք է կոշտ դիրքորոշում որդեգրենք Ռուսաստանի հարցում: Պուտինը փորձում է իրեն ներկայացնել որպես ուժեղ առաջնորդ, բայց միևնույն ժամանակ նա հարգանքով է վերաբերվում կոշտ դիրքորոշմանն ու մոտեցումներին: Եվ դա այն է, ինչ մենք պետք է անենք»:

Սակայն ՆԱՏՈ-ի ապագա ճակատագիրը կախված է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներից: Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակի դեպքում նախապայմաններ է դնելու դաշինքի անդամ երկրների առջև՝ հարձակումներից նրանց պաշտպանելու դիմաց, իսկ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինտոնը խոստացել է ամբողջապես աջակցել դաշինքին: Եթե վերջինս դրժի իր խոստումը դա կարող է վերածվել, ինչպես նա է ասում, «վտանգավոր նախադեպի»:

XS
SM
MD
LG