Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մտադիր է արդիականացնել միջուկային զենքերն ու համակարգերը


ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Քըրթլենդի ռազմաօդային բազայի Սանդիայի ազգային լաբորատորիայում միջուկային զենքերի սարքավորումների մի մասը վերածվել է ջարդոնի, մյուս մասը՝ պայթեցվել։ Նպատակը միջուկային զենքերն արդիականացնելն է։

Պաշտպանության նախարար Էշթըն Քարթերն այս զենքերի արդիականացումը համարում է Պենտագոնի առջեւ դրված թիվ մեկ առաջադրանքը, ում խոսքերով, միջուկային առաքելությունն Ամերիկայի անվտանգության հիմնաքարերից մեկն է։

ԱՄՆ-ը միջուկային հարձակում կարող է իրականացնել երեք եղանակներով՝ ցամաքից արձակված բալիստիկ հրթիռների միջոցով, ռազմաօդանավերից նետված միջուկային ռումբերով եւ իրենց վրա միջուկային հրթիռներ կրող, օվկիանոսի տարբեր հատվածներում գտնվող սուզանավերից։

Սակայն այս բոլոր կարողությունները մուտք են գործում մի ժամանակաշրջան, երբ անհրաժեշտ է դրանք նորացնել ու արդիականացնել։ Այժմ այստեղ նախագծվող նոր ռումբերում նորացվում են մի քանի տասնամյակ առաջ արտադրված տեխնոլոգիական միջոցները։ Սակայն դրանք արտադրության դուրս կգան միայն 2Օ2Օ թվականից։

Ինչ վերաբերում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համակարգին, ապա պետք է ասել, որ այն ունի լիակատար կերպով կատարելագործվելու կարիք։

Անվտանգության, գիտության ու տեխնոլոգիաների հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ Ուիլյամ Շնայդերի խոսքերով,

՝՝Արդիականացնելու անհրաժեշտության մասին է վկայում այն փաստը, որ միջուկային զենքերի համակարգերը դեռեւս կիրառում են նախորդ սերնդի ճկուն մագնիսական սկավառակներ ու այնպիսի համակարգիչներ, որոնք ժամանակակից համակարգիչների մոտ պարզապես հնի մասունքներ կարելի է համարել՛՛։

Պաշտպանության նախարար Քարթերն ասում է, թե ԱՄՆ-ը երկար տարիներ է ուշադրությունը շեղել միջուկային ռազմական իր կարողություններից։

՝՝Միջուկային այս զենքերն արդիականացնելու մասին չենք մտածել, քանի որ մեր ամբողջ ուշադրությունը սեւեռված է եղել Իրաքի եւ Աֆղանստանի վրա՛՛։

Որոշ փորձագետներ ասում են, թե այդ պատճառով է, որ ԱՄՆ-ը այսօր հետ է ընկել միջուկային այլ տերություններից։

՝՝Արդիականացնելու մեր նախագիծն այդ պատճառով ավարտվելու է Ռուսաստանում ու Չինաստանում զենքերն արդիականացվելուց երկու տասնամյակ անց՛՛, ասում է Շնայդերը։


Զենքերի հարցերով փորձագետներն ասում են, թե ԱՄՆ-ը այսօր կամ կվճարի միջուկային զենքերն արդիականացնելու համար, կամ կհայտնվի մի իրավիճակում, որտեղ միջուկային համակարգն անարդյունավետ է ու ոչ վստահելի։

Ասենք, որ ԱՄՆ-ի ցամաքային, օդային ու ծովային միջուկային զենքերի ու համակարգերի գործածելիության ժամկետները լրանալու են եկող մեկ տասնամյակի ընթացքում։

XS
SM
MD
LG