Մատչելի հղումներ

 
Գիտնականները խորհուրդ են տալիս չխուսափել պատվաստումներից

Գիտնականները խորհուրդ են տալիս չխուսափել պատվաստումներից


Առողջապահության ոլորտի աշխատակիցները դուրս են եկել Կոնգոյի հանրապետության Քինշասա քաղաքի փողոցներ՝ կոչ անելով բնակչությանը դեղին տենդի դեմ պատվաստումներ ընդունել: Հիվանդությունից միայն այս տարի Կոնգոյում եւ Անգոլայում մահացել են հարյուրավոր մարդիկ: Մահացության բարձր ցուցանիշների պատճառն է բնակչության անվստահությունը պատվաստումների նկատմամբ:

«Եթե բոլորը համաձայնվեն պատվաստում անցնել, մենք կարող ենք ընդհանրապես վերացնել դեղին տենդը մեր երկրից», - ասում է Լինգալայի գլխավոր բժիշկ Մոսալա Միրեյլը:

Լոնդոնի Առողջաբանության եւ արլադարձային բժշկության դպրոցի տվյալներով, Աֆրիկայում բնակիչները համեմատաբար բարձր վստահություն ունեն պատվաստումների նկատմամբ: Այսպես, Աֆրիկայում բնակչության ընդամենը 7 տոկոսն է համարում պատվաստումները վտանգավոր, մինչդեռ Եվրոպայում պատվաստումներին դեմ է բնակչության 15 տոկոսը: Դեռ ավելին. Ֆրանսիայում պատվաստումների անվտանգությունը վիճարկում է բնակչության 41 տոկոսը:

«Մինչ օրս մարդկանց մեջ առկա է համոզմունք, թե հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը կարող է բազմակի սկլերոզ առաջացնել: Այդ համոզմունքը երբեւէ գիտական հիմնավորում չի ստացել», - ասում է Լոնդոնի Առողջաբանության եւ արլադարձային բժշկության դպրոցի մասնագետ Հեյդի Լարսոնը:

Ֆրանսիայում պատվաստումների նկատմամբ անվստահությունը հատկապես սրվել էր 2009-ին, երբ երկրի իշխանությունները մեկ եւ կես միլիարդ դոլարով գնել էին H1N1 գրիպի դեպ 94 միլիոն չափաբաժին պատվաստանյութ: Հեյդի Լարսոնի կարծիքով, անվստահությունը կարող է բարդ հետեւանքներ ունենալ.

«Գրիպի շատ վտանգավոր տեսակներ են առաջանում եւ պատվաստումների նման ցածր թվերն ապագայում կարող են բավականին մեծ խնդիր առաջացնել»:

Գիտնականների կարծիքով, պատվաստումների նկատմամբ անվստահության արդյունքում ավելանում է պատվաստում ընդունելուց հրաժարվող մարդկանց քանակը: Դա կարող է ապագայում հիվանդությունների համաճարակ առաջացնել: Հատկապես կարեւոր է, որ պատվաստում անցնեն երեխաները, հիշեցնում են գիտնականները:

XS
SM
MD
LG