Մատչելի հղումներ

Մաքքեյնն ու Ռուբիոն պայքարում են Սենատում հանրապետականների մեծամասնությունը պահպանելու համար


ԱՄՆ-ի Արիզոնա եւ Ֆլորիդա նահանգները պիտի որոշեն, թե արդյոք սենատորներ Ջոն Մաքքեյնին ու Մարկո Ռուբիոյին տալիս են Սենատում այս նահանգները ներկայացնելու համար եւս մեկ ժամկետ։

ԱՄՆ-ի Սենատում հանրապետական Ջոն Մաքքեյնի եւ Մարկո Ռուբիոյի վերընտրվելու հանգամանքը շատ կարեւոր է հանրապետականների համար, որոնք փորձում են նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո Սենտաում պահպանել իրենց մեծամասնությունը։

Երեսուն տարի սենատորի պաշտոնը զբաղեցրած Մաքքեյնի մրցակիցն է բժիշկ, նահանգային նախկին սենատոր 55-ամյա Քելլի Ուորդը, որը հայտարարում է, թե ժամանակն է պարտության մատնել հին հաստատությունը եւ թոշակի ուղարկել 8Օ-ամյա Մաքքեյնին։ Նա նույնիսկ ասել է, որ կասկածում է, թե Մաքքեյնը ողջ կմնա պաշտոնավարման ընթացքում, եթե եւս 6 տարով վերընտրվի սենատոր։

Ինչ վերաբերում է Մեքսիկայի ու ԱՄՆ-ի միջեւ պատ կառուցելու Թրամփի կոչերին, Ուորդն ասել է. «Ժամանակն է ցեմենտը խառնել եւ ժամանակին պատը կառուցել»։

Եթե Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Մաքքեյնը հաղթի Ուորդին, ինչը շատ հավանական է ըստ նախնական հարցումների, պայքարը պիտի շարունակի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Էնն Քըրքփաթրիկի հետ։ Վերջինից էլ, ըստ հարցումների, նա առաջ է մոտ 13 տոկոսով։

Ռուբիոն, որը նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դնելու նպատակով անցյալ տարի չպայքարեց Սենատում վերընտրվելու համար, այժմ իր նախկին աթոռի համար է պայքարում՝ թույլ չտալու համար, որ այն վերցնեն դեմոկրատները։ Ու եթե նա հաղթի միլիոնատար Քարլոս Բերուֆին, պայքարը կշարունակի դեմոկրատ կոնգրեսական Փաթրիկ Մըրֆիի հետ։

Ի դեպ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ողջունել է ե՛ւ Մաքքեյնի ե՛ւ Ռուբիոյի թեկնածությունները, չնայած երկուսի հետ էլ ունեցած փշոտ հարաբերություններին։ Հիշեցնենք, որ Մաքքեյնի մասին նա ասել էր, թե նրան հերոս են անվանում միայն այն բանի համար, որ Վիտենամի պատերազմի ժամանակ գերի էր ընկել։ Իսկ Հանրապետական կուսակցության ընտրությունների ընթացքում Թրամփն իր մրցակից Մարկո Ռուբիոյին անվանել էր «փոքրիկ Մարկո»։

Սակայն ե՛ւ Մաքքեյնը ե՛ւ Ռուբիոն, մոռացության մատնելով այս ամենը, իրենց վերընտրվելու նպատակով աջակցություն են հայտնել Թրամփին՝ Սպիտակ տան ճանապարհին։

XS
SM
MD
LG