Մատչելի հղումներ

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները հակասում են ԱՄՆ-ի դիրքերին


Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հինգերորդ օրը, ինչպես անկախ աղբյուրներն են հաղորդում, 35 քաղաքացի եւ 4 զինյալներ են սպանվել։ Թուրքիայի զինված ուժերի հաղորդագրությունների համաձայն, սպանվել է միայն 25 մարդ, բոլորն էլ՝ զինյալներ։ Իրարամերժ հայտարարություններ այն օրերին, երբ Թուրքիան, «Դաեշ»-ին պարտության մանելու պատրվակով, հարձակումները կենտրոնացնում է հիմնականում Սիրիայի քրդական կազմավորումների դեմ։ Թուրքական հրասայլերը տարածքներ են գրավում «Դաեշ»-ից ու ռազմական գործողություններ իրականացնում ընդդեմ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդական Ժողովրդական պաշտպանության միավորումների։ Թուրքիան հայտարարում է, թե ունի երկու նպատակ՝ «մաքրել» տարածքը «Դաեշ»-ից եւ թույլ չտալ, որ քրդերը լրացնեն այդ տարածքները։ Անկարան ցանկանում է քրդերին հետ մղել դեպի Եփրատի արեւելյան ափը, նրանց զրկելու համար Սիրիայի հյուսիս-արեւմտյան հատվածում քրդաբնակ երկու տարածքների միջեւ միջանցք կազմելու հնարավորությունից։

Փորձագետների կարծիքով, Թուրքիայի այս արշավը կարող է հրահրել Քրդական աշխատավորական կուսակցությանը նոր բախումներ սկսել Թուրքիայի ներսում։

Այստեղ կա եւս մի մեծ խնդիր Թուրքիայի համար. Ինչպես վերլուծաբաններն են ասում, Անկարան կարող է հայտնվել Վաշինգտոնի հետ հակասության մեջ, քանի որ, ինչպես ասվեց, ԱՄՆ-ը աջակցում է Քրդական ժողովրդական պաշտպանության միավորումներին, որոնց դեմ գործողություններ է իրականացնում Թուրքիան։

Մյուս կողմից, Թուրքիան դեռ չի մոռացել, որ անցյալ ամսվա հեղաշրջման փորձից հետո Վաշինգտոնը չշտապեց դատապարտել հեղաշրջման փորձը։ Եվ երբ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը փորձեց անցյալ շաբաթ հարթել իրադրությունը ու հանդես եկավ այն դատապարտող հայտարարությամբ, թուրքական ուժերն արդեն մուտք էին գործել Սիրիա։

Քքրդերին նոր տարածքներ գրավելու հնարավորությունից զրկելու հարցում Թուրքիան այսօր վայելում է Ռուսաստանի, Ասադի կառավարության ու Իրանի լուռ աջակցությունը։

Իսկ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ը հայտնվել է հակառակ կողմում՝ հայտարարելով, թե փորձելու է թույլ չտալ, որ Թուրքիան հակամարտության մեջ մտնի տարածաշրջանում իր դաշնակիցների հետ։

XS
SM
MD
LG