Մատչելի հղումներ

Թրամփին խանգարում են իրարամերժ հայտարարությունները, Քլինթընին՝ բացթողումները


ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուներն իրենց վերջին հավաքների ժամանակ փորձում են շահել փոքրամասնությունների համակրանքը։ Հանրապետական Դոնալդ Թրամփը նույնիսկ մեղմել է լատինաամերիկյան ծագումով, անօրինական փախստականների նկատմամբ իր նախկին կարծր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ նրանցից ոչ բոլորն են արտաքսվելու երկրից։

Նա խոստանում է ավելի լավ կրթություն ապահովել սեւամորթ ամերիկացիների համար եւ «վերակենդանացնել» հիմնականում սեւամորթ ազգաբնակչություն ունեցող աղքատ քաղաքները։

«Սեւամորթ ամերիկացիներն ու լատինաամերիկյան ծագումով ամերիկացիները պիտի մերժեն այն դեմոկրատ գործիչներին, որոնք դավաճանել ու անտեսել են իրենց», հայտարարել է Թրամփը Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթըր քաղաքի հանրահավաքի ժամանակ։

Սեւամորթ ամերիկացիներն ավանդաբար քվեարկել են դեմոկրատների օգտին ու այսօր էլ հիմնականում մերժում են Թրամփի մոտեցումները, բայց վերջինիս խոստումները սկսել են ոգեւորել նրանցից շատերին։

Այդ պատճառով բիզնեսին զարկ տալու մասին նախապես պատրաստած ելույթի փոխարեն Հիլարի Քլինթընը Նեւադայի Ռենո քաղաքում փորձեց հակահարված տալ Թրամփին հենց փոքրամասնություններին վերաբերող հայացքներով։ Նա հիշեցրեց սեւամորթ ամերիկացիների մասին Թրամփի խոսքերը, օրինակ «փողոցում քայլելիս, սեւամորթներին կրակելու» մասին նրա արտահայտությունը։ Սակայն հիշեցնենք, որ Թրամփն ասել էր հետեւյալը՝ «Մենք ձեր փողոցները դարձնելու ենք ապահով, որպեսզի փողոցում քայլելիս ձեզ չկրակեն»։

Ինչ վերաբերում է լատինաամերիկյան ծագումով քվեարկողներին, ապա նրանք նույնպես տարակուսանքի մեջ են։ Թրամփը շարունակում է երդվել, որ պատ է կառուցելու ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջեւ, սակայն հետ է կանգնում իր նախկին այն խոստումից, որ երկրից արտաքսելու է անօրինական միլիոնավոր փախստականների։

Թրամփը Քլնիթընին շարունակում է անվանել «ստախոս ու ահաբեկչության հիմնադիր»։ Մեղադրում է նաեւ կոռուպցիայի մեջ՝ ասելով, որ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած տարիներին Քլինթընը ինչ որ դերակատարության դիմաց ապահովել է գումարների հոսք դեպի Քլինթըն հիմնադրամ։

«Մուտքն ու հնարավորությունները վաճառվել են կանխիկ դրամով։ Նրանք, ովքեր նվիրատվություններ են կատարել Քլինըթըն հիմնադրամին, կամ գումար տվել Բիլ Քլինթընին, Պետքարտուղարությունում բարյացակամ վերաբերմունքի են արժանացել Հիլարի Քլինթընի կողմից», հայտարարում է Թրամփը։ Խոսքն իհարկե ոչ այնքան փաստերի, որքան ենթադրությունների մասին է, որ Հիլարի Քլինթընի աշխատասենյակ մուտքի իրավունք ստանալու հարցը կապված է եղել նվիրատվությունների հետ։

Քլինթընի վրա ինչ որ ստվեր է գցում նաեւ այն հանգամանքը, որ անցած 9 ամիսների ընթացքում նա հանդես չի եկել լիարժեք մամուլի ասուլիսով, մասնակցել է դրամահավաք 3ՕՕ միջոցառումների, որոնցից միայն հինգի դեպքում են դրանք բաց եղել լրագրողների համար։

Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Քլինթընը գտնվում է ԱՄՆ-ի հաջորդ նախագահ ընտրվելու ճանապարհին, սակայն նրա համար պակասում է ժողովրդականությունը։ Թրամփի հաճախ իրարամերժ հայտարարությունները հավանական են դարձնում Քլինթընի հաջողությունը, իսկ վերջինիս թերություններն ու բացթողումները՝ Թրամփին տալիս իր հաղթանակին հավատալու պատճառներ։

XS
SM
MD
LG