Մատչելի հղումներ

Օբամայի վարչակազմը բացառում է Թուրքիայի սահմանի մոտ Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության որեւէ հնարավորություն


Երբ 2ՕՕ9 թվականին, որպես ԱՄՆ-ի նախագահ, Բարաք Օբաման մահմեդական երկիր կատարած իր առաջին ճամբորդության համար ընտրեց Թուրքիան, նա, ըստ թուրքական թերթերի, «գրավեց թուրքերի սրտերը»։ Նա հայտարարեց, որ Թուրքիան կարեւոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ՝ աշխարհի համար։ Էրդողանն էլ կանխատեսեց, որ երկու երկրները ձեռք-ձեռքի են գնալու «դեպի պայծառ ապագա»։

Դրանից 7 տարի անց թուրքական թերթերը գրում են, թե դաշնակիցը դավաճանել է Թուրքիային։ Հատկապես հուլիս ամսին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, երբ ԱՄՆ-ը բացահայտ կերպով աջակցություն չհայտնեց Անկարային, լարվեցին հարաբերությունները եւ Թուրքիայում խորացան հակաամերիկյան տրամադրությունները։

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընի կողմից չորեքշաբթի օրը Թուրքիա կատարած այցը հարաբերություններում լարվածությունը մեղմելու նպատակ ուներ, հայտարարելու, որ Ամերիկան որեւէ կերպ կապ չունի հուլիսյան հեղաշրջման փորձի հետ, եւ որ ինչպես Բայդընն է ասում, «Թուրքիայի ժողովուրդը չունի Միացյալ Նահանգներից ավելի լավ բարեկամ»։

Բայդընի այցը, կենտրոնանալով ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի խնդրի վրա, որին Թուրքիայի իշխանությունները կասկածում են հուլիսյան հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, մեծ տեղ հատկացրեց նաեւ քրդական խնդրին, ավելի ճիշտ՝ քրդերի նկատմամբ Թուրքիայի խնդրին։ Այցը իրականացվեց ԱՄՆ-ի օդային ուժերի ուղեկցությամբ թուրքական ուժերի կողմից Սիրիայում «Դաեշ»-ի դեմ ռազմական գործողություններ սկսելուց մի քանի ժամ անց։ Ինչ վերաբերում է «Դաեշ»-ի դեմ ռազմական գործողություններ իրականացնող հիմնական ուժին՝ քրդական զինյալ խմբավորումներին, Օբամայի վարչակազմը հայտարարում է, թե կդադարեցնի Սիրիայի քուրդ դաշնակիցներին իր ամբողջ աջակցությունը, եթե նրանք չենթարկվեն դեպի Եփրատ գետը հետ քաշվելու Թուրքիայի պահանջին։

Բայդընը հայտարարեց, թե քրդերը, որոնք ըստ Թուրքիայի, մտադիր են Թուրքիայի սահմանի հարեւանությամբ Սիրիայի տարածքում հաստատել անկախ քրդական պետություն, «չեն կարող, եւ չեն ստանա ԱՄՆ-ից որեւէ աջակցություն, եթե նրանք չհարգեն դեպի արեւելք իրենց ուժերը տեղափոխելու պահանջը»։

Այս հայտարարությունն էր, որն ընդգծեց ԱՄՆ-ի քաղաքականության էական փոփոխության հնարավորությունը։ Մի բան, որը ըստ մեծաթիվ փորձագետների, առաջ կբերի ԱՄՆ-ի վարչակազմի քննադատների զայրույթը, ովքեր արդեն իսկ հավատացած են, որ Թուրքիայի նկատմամբ Օբամայի վարչակազմի մոտեցումները չափից ավելի հաշտվողական են։

Մինչ կստացվեին տեղեկություններ այն մասին, որ քրդերն ուղղություն են վերցնում դեպի Եփրատի արեւելյան ափերը, Բայդընը հանդես եկավ հայտարարությամբ, որով բացառում է Թուրքիայի քրդաբնակ հատվածների հարեւանությամբ Սիրիայի տարածքում քրդական ինքնավարություն հաստատելու որեւէ հնարավորություն։

«Սահմանին չի լինելու անկախ որեւէ միավոր։ Լինելու է միասնական Սիրիա», հայտարարեց Բայդընը։

XS
SM
MD
LG