Մատչելի հղումներ

Թուրքական ուժերը ցամաքային գործողություններ են իրականացնում Սիրիայի տարածքում


Թուրքական հրասայլերն ու զրահապատ մեքենաներն անցել են Սիրիայի սահմանը՝ նախապես հրետանակոծելով «Դաեշ»-ի կողմից վերահսկվող տարածքները։ Ջարաբլուսի շրջանում թիրախի տակ է հայտնվել 7Օ տեղանք, որոնք ոչնչացվել են օդային 12 հարձակումների արդյունքում։

Թուրքական զորքերին ուղեկցում են այս երկրի կողմից հովանավորվող Սիրիայի ապստամբ ուժերը։ Նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե «Եփրատի վահան» անվանումը կրող գործողությունն իր հարձակումներն ուղղում է ընդդեմ «Դաեշ»-ի ու քուրդ զինյալների։

Թուրքիան հրետանակոծում է Սիրիայի քրդական խմբերի դիրքերը՝ փորձելով թույլ չտալ, որ այս հատվածներից «Դաեշ»-ի ուժերի հեռանալուց հետո քրդերը գրավեն այդ հատվածները։ Անկարան մտահոգված է իր սահմանին մոտ Սիրիայում քրդական ինքնավարություն հիմնելու հնարավորությամբ, ինչը կարող է ոգեւշնչել Թուրքիայի քուրդ անջատողականներին։

«Բոլոր նրանք, ովքեր վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար, կկանգնեն Թուրքիայի ռազմական ուժի, ոստիկանության ու ժողովրդի առջեւ», հայտարարել է Էրդողանը։

Ռազմական այս գործողությունը սկսեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, թե Թուրքիան Ջարաբլուսի շրջանում ջանք չի խնայի «Դաեշ»-ի դեմ իրականացվելիք գործողություններում։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ դրանք համարելով Սիրիայի ինքնիշխանության ոտնահարում։

Լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ նույն օրը Թուրքիա է այցելել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը։

XS
SM
MD
LG