Մատչելի հղումներ

Թուրքիայում շարունակվում է արշավն ընդդեմ մամուլի


ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպան երկու կազմակերպություններ դատապարտում են Թուրքիային, որը, հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձի կազմակերպիչների հետ կապեր ունենալու կասկածներով, լայնածավալ արշավ է սկսել լրագրողների ու մամուլի միջոցների դեմ։

՝՝Լրագրողների պաշտպանության հանձնաժողով՛՛ եւ ՝՝Ֆրիդոմ հաուս՛՛ կազմակերպություններն իրենց ձայնն են բարձրացնում Թուրքիայում մամլո տասնյակ գրասենյակներ փակելու ու միայն անցած մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան մեկ տասնյակ լրագրողների ձերբակալելու փաստերի կապակցությամբ։

Նշված լրատվական գործակալություններին եւ լրագրողներին մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող մահմեդական կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ում Թուրքիայի իշխանությունները համարում են հեղաշրջման ձախողված փորձի գլխավոր կազմակերպիչ։

Պետական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրի իշխանությունները հրահանգել են փակել 45 թերթ, 23 ռադիոկայան, հեռուստատեսային 16 ալիք, եւ լրատվական երեք ծառայություն։

Հիշեցնենք, որ մինչ այդ ձերբակալվել էին Թուրքիայի ամենամեծ տպաքանակն ունեցող ՝՝Զաման՛՛ թերթի պատասխանատու 18 աշխատակիցներ ու հայտնի լրագրողներ։

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի բանակում, դատական համակարգում ու այլ հաստատություններում ձերբակալվել է ավելի քան 13 հազար մարդ։ Գյուլենի հետ որեւէ առնչություն ունենալու կասկածներով զբաղեցրած պաշտոններից ու աշխատանքից՝ հիմնականում կրթության, առողջապահության ու քաղաքային պետական կառույցներից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ։

2Օ13 թվականից ի վեր ՝՝Ֆրիդոմ հաուս՛՛ կազմակերպությունը Թուրքիայում մամուլը համարում է ՝՝ոչ ազատ՛՛։ Հարյուր միավորից կազմված սանդղակում, որտեղ 1ՕՕ միավորը համարվում է վատագույնը, Թուրքիային անցյալ տարի տրվել էր 71 միավոր։



.

XS
SM
MD
LG