Մատչելի հղումներ

Սերժ Սարգսյան․ Իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ


«Ազատություն» ռադիոկայան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անդրադարձել է ոստիկանության գնդի տարածքի գրավմանը՝ կոչ անելով զինված խմբին վայր դնել զենքը և ազատ արձակել պատանդներին:

Ճգնաժամային իրավիճակի միայն վեցերորդ օրը հրապարակավ հանդես գալով՝ երկրի ղեկավարը հայտարարել է. «իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ»:

«Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն:

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը: Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը:

Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ: Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով»:

Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երկիրն ապրում է դժվարին և պատասխանատու օրեր, նշել, որ պատճառներին այս պահին չի անդրադառնա և ավելացրել սակայն, որ պետք է դասեր քաղել տեղի ունեցածից:

«Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար: Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ և օրենքի շրջանակներում: Հորդորում եմ նաև, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր և սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին և գաղափարներին: Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով: Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից և ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները: Հանձնարարում եմ ձեզ՝ իրավապահ մարմինների ղեկավարներիդ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում: Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար»:

Ցավակցելով զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին՝ նախագահը եզրափակել է․ -«Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը: Մենք գործում ենք և գործելու ենք համբերատար: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար: Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն: Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա: Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին»:

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան ոստիկանության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խումբը, ըստ էության, երկու պահանջ է ներկայացրել՝ նախագահ Սարգսյանի հրաժարական և «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում: Նախագահն իր այսօրվա խոսքում փաստորեն չի անդրադարձել այդ պահանջներին՝ միաժամանակ զերծ մնալով խմբի անդամներին «ահաբեկիչ» կոչելուց:

Հիշեցնենք, նախագահը իրավապահ համակարգի պատասխանատուների հետ խորհրդակցություն էր անցկացրել նաև ՊՊԾ գնդի տարածքի վրա հարձակման օրը՝ հուլիսի 17-ին:

XS
SM
MD
LG