Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսական Ջիմ Քոսթայի այցը՝ Հայաստան


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Քոսթան հուլիսի 18-ին Հայաստան կատարած չորսօրյա այցի ընթացքում եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող անշեջ կրակի մոտ։ Կոնգրեսականը շրջել է հուշահամալիրին կից թանգարանում։

Նույն օրը նրան ընդունել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը, ընդգծելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից մեկն է եւ ունի քաղաքական ու տնտեսական կարեւոր դեր Հայաստանի կյանքում։ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել հայկական հարցերում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արդյունավետ գործունեությունը։

Սահակյանը նաեւ շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Քոսթային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով տարիներ շարունակ իրականացրած ջանքերի համար։

Ջիմ Քոսթան պատասխան խոսքի ժամանակ ասել է, թե ինքը միշտ է երազել լինել Հայաստանում։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցին՝ Քոսթան ասել է, թե որպես Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամ, ինքն ամեն ջանք պիտի ներդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, ՝՝որպեսզի այլեւս երբեք ցեղասպանություններ չկրկնվեն՛՛։ Նա հույս է հայտնել նաեւ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը ապագայում կճանաչի Ցեղասպանությունը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ամերիկացի կոնգրեսականը հույս է հայտնել, որ այս հակամարտությունը կլուծվի դիվանագիտական եղանակով եւ կարեւորել բանակցություններում Արցախի մասնակցությունը։

Գալուստ Սահակյանը Ջիմ Քոսթային պարգեւատրել է Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալով։

XS
SM
MD
LG