Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները ողջունում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը


Schiff Dold Pallone
Schiff Dold Pallone

Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի խորհրդարանի կողմից ճանաչելու փաստն այսօր ողջունել են ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ։

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ռոբերտ Դոլդը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, որ իրենք ողջունում են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի դեմ իրականացված ջարդերը Գերմանիայի Բունդեսթագի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից ՝՝ցեղասպանություն՛՛ որակելու փաստը։ Հիշեցնենք, որ կոնգերսականներ Փալոունը, Դոլդն ու 4Օ այլ կոնգրեսականներ անցյալ տարի ներկայացրել էին օրենքի բանաձեւ, որը կոչ էր անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

՝՝Գերմանիայի ժողովուրդն իր մեջ է կրել պատմության ընթացքում մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեղքի զգացումը հաղթահարելու ներքին պայքարը։ Եվ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին խորհրդարանի այս որոշումը հզոր մի հայտարարություն է՛՛, ասված է կոնգրեսականների ուղերձում, որը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը ընդունել պատմական իրողությունը եւ ՝՝կայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում՛՛։

Փալոունի եւ Դոլդի ուղերձում ասված է նաեւ, թե ԱՄՆ-ը պետք է հորդորի Թուրքիային հաշվի նստել իր պատմության հետ եւ հրաժարվել աշխարհի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունը հերքող քաղաքականությունից։

Ուղերձով է հանդես եկել նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում խոսքերով, ՝՝Ցեղասպանությունը ճանաչելու այս քայլով Գերմանիան միանում է այն երկրներին, որոնք դատապարտում են 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում մեկ ես կես միլիոն հայերի սպանդը։ Գերմանիայում քվեարկությունը խիզախ քայլ է համարվում նաեւ այն պատճառով, որ այն Թուրքիայի հետ ներկայումս բանակցում է Եվրոպայից Թուրքիա փախստականներին տեղափոխելու հարցի շուրջ։ Այդ առումով, սա մի հստակ ուղերձ է, որ ցեղասպանության մասին ճշմարտության խոսքը չի կարելի լռեցնել, եւ որ ժամանակի շահը երբեք չի կարող արդարացնել Ցեղասպանության ուրացումը՛՛:

Ադամ Շիֆի ուղերձն ավարտվում է հետեւյալ խոսքերով. ՝՝Մեր Կոնգրեսը եւս պիտի ցուցաբերի թուրքական սպառնալիքներն անտեսելու կամք եւ սկզբունքները հարգելու բարոյական քաջություն՛՛։

XS
SM
MD
LG