Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան մտահոգ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորությամբ


Այսօր նրանք, ովքեր կողմ են Բրէքզիթին, այն մտավախությունն ունեն, որ եթե Մեծ Բրիտանիան հաջորդ ամիս քվեարկի Եվրամիության կազմում մնալու օգտին, մի օր կկանգնի Թուրքիայից ժամանող փախստականների մեծ հոսքի առջեւ։

՝՝Բրէքզիթ՛՛ բառը վերջերս մտավ շրջանառության մեջ, որը Բրիտանիա եւ էքզիթ, թարգմանաբար՝ ելք բառերի միակցումն է։ Խոսքն ուրեմն Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքի մասին է։

Մեծ Բրիտանիայում այս օրերին լարված արշավ է ընթանում Եվրամիությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու աջակիցների կողմից, ովքեր պնդում են, որ եթե Թուրքիան անդամակցի Միությանը, թուրք միլիոնավոր քաղաքացիներ կհաստատվեն Մեծ Բրիտանիայում։ Արշավի ակտիվիստներից ոմանք ասում են, թե նրանց մեջ կարող են լինել մարդասպաններ, ահաբեկիչներ ու առեւանգողներ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերունը, սակայն, պնդում է, որ. ՝՝Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը դեռեւս շատ հեռու է իրականություն դառնալուց։ Իրադարձությունների զարգացման ներկա ընթացքը ցույց է տալիս, որ դրա համար կպահանջվեն տասնամյակներ։ Եվ նույնիսկ այդ դեպքում մենք կարող ենք վետո դնել որոշման վրա՛՛։
Եվրամիության ներկա անդամ պետությունները Թուրքիայի անդամակցության հարցում ունեն կրկնակի վետոյի հնարավորություն, ասում է Լոնդոնի Էկոնոմիկայի հաստատության իրավաբանության դասախոս Դամիան Չալմերսը։

՝՝Նախ պետք է միաձայն համաձայնություն լինի Եվրամիության նախարարների խորհրդում, որտեղ ներկայացված են անդամ բոլոր պետությունները։ Դրանից հետո Թուրքիան պետք է առանձին-առանձին պայմանագրեր կնքի անդամ բոլոր 28 պետությունների հետ, որոնց խորհրդարանները կարող են նույնպես հանդես գալ վետոյի իրավունքով՛՛։

Չնայած Թուրքիան մարտ ամսին համաձայնեց հետ ընդունել այստեղից Եվրոպա տեղափոխված փախստականներին, փոխարենը ստանալով Եվրամիության հետ բանակցությունները վերսկսելու խոստումներ, ինչպես Չալմերսն է ասում, բանակցություններն ընթանում են շատ դանդաղ հունով, քանի որ նախատեսում է համաձայնություններ քաղաքական 35 հարցերի շուրջ։

՝՝Թուրքիան բանակցում է 2ՕՕ5 թվականից ի վեր, եւ 35 կետետից մինչեւ այսօր միայն մեկի շուրջ է ձեռք բերվել համաձայնություն՛՛, ասում է նա։

Եվրամիության ու Թուրքիայի հարաբերությունների վրա մեծապես կազդի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացվելիք հանրաքվեն, որը պիտի որոշի, այս երկիրը մնում է Միության կազմում, թե ընտրում է Բրէքզիթը, այսինքն՝ Միությունից ելքի տարբերակը։

Լոնդոնի Ռեջենթսի համալսարանի դասախոսներից Իբրահիմ Սիրքեչին այն կարծիքին է, որ ազդեցությունն ավելի մեծ կլինի, եթե Մեծ Բրիտանիան քվեարկի հանուն Բրէքզիթի։

Իսկ վարչապետ Դեյվիդ Քամերոնը նախազգուշացնում է, որ Եվրամիությունից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիան կմղվի դեպի տնտեսական անկում, գործազուրկ կդառնա կես միլիոն մարդ։

Բրէքզիթի կողմնակիցների թիվը ներկա պահին որոշ չափով զիջում է երկիրը Եվրամիության կազմում պահելու կողմնակիցների թվին։

XS
SM
MD
LG