Մատչելի հղումներ

՝՝Եգիպտական օդանավի կործանումը կարող է ահաբեկչական գործողության արդյունք լինել՛՛


Օդանավերն ու նավերը հինգշաբթի օրը մանրազնին կերպով հետազոտում էին Միջերկրական ծովի այն հատվածը, որտեղ նույն օրը կործանվեց Եգիպտոսի ավիաուղիներին պատկանող թիվ 8Օ4 չվերթով Փարիզից Կահիրե ուղեւորվող մարդատար օդանավը։ Աերոբուս Ա32Օ մակնիշի մարդատար օդանավը, որի մեջ կար 66 մարդ, ըստ մասնագետների, մինչեւ կործանվելը 11 հազար մետր բարձրության վրա, Հունաստանի օդային տարածքից Եգիպտոսի տարածք մուտք գործելը, կատարել է 9Օ աստիճանի ձախ կտրուկ պտույտ, ապա՝ 36Օ աստիճանի աջ հետադարձ պտույտ, ինչը սովորական պայմանների համար անբացատրելի երեւույթ է։ Երկրորդ պտույտից անմիջապես հետո այն անհետացել է ռադարների տեսադաշտից։ Սա է հուշում մասնագետներին, որ կործանման պատճառը կարող է ահաբեկչությունը լինել։

ԱՄՆ-ի պաշտոնյաները աշխատում են այն տեսակետն ուսումնասիրելու վրա, ըստ որի օդանավը կորածնվել է ռումբի պայթյունից։ Սակայն վերջնական պատախան տալու համար հարկավոր է նախ հայտնաբերել բեկորները։ Այժմ ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ֆրանսիայի անվտանգության ծառայություններն ուսումնասիրում են օդանավի անձնակազմի եւ ուղեւորների տվյալները, ինչպես նաեւ Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում բեռների գրանցման տվյալները։

Օդանավի ուղեւորներից 3Օ-ը եղել են Եգիպտոսի քաղաքացիներ, 15-ը՝ Ֆրանսիայի, երկուսը՝ Իրաքի։ Մեկական ուղեւորներ են եղել Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Բելգիայից, Քուվեյթից, Սաուդյան Արաբիայից, Սուդանից, Չադից, Պորտուգալիայից ու Ալժիրից։ Օդանավը գործարկված է եղել 2ՕՕ3 թվականին ու մինչ այսօր օդում եղել 48 հազար ժամ։ Մեկ օր առաջ, մինչեւ Փարիզ մեկնելը, Կահիրեում անցել էր տեխնիկական ստուգումներ։ Այնպես որ, տեխնիկական խնդիրներն առայժմ մեծ հավանականություն չեն համարվում կործանման համար։ Իսկ նման բարձրության վրա օդանավերն առանց այլ պատճառների գրեթե չեն կործանվում։ Այս միտքն են արտահայտում ԱՄՆ-ի օդագնացության անվտանգության մասնագետները։ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շարիֆ Ֆաթին էլ ասել է, թե ներկայումս ամենամեծ հավանականությունը ահաբեկչական գործողությունն է։

Հիշենք, որ Եգիպտոսում օդային աղետներն այնքան էլ հազվադեպ երեւույթ չեն։ Մարտ ամսին էր, որ հոգեբանական խանգարում ունեցող մի մարդ ստիպել էր Ալեքսանդրիա ուղեւորվող օդանավը վարյէջք կատարեր Կիպրոսում, որից հետո ազատ էր թողել իր պատանդներին ու հանձնվել։ Անցյալ տարի Սինայի թերակղզու վրա կործանվեց ռուսական մի օդանավ, որին զոհ գնացին նրա մեջ գտնվող բոլոր 224 մարդիկ։

99 թվականին Եգիպտոսի ավիաուղիներին պատկանող մարդատար օդանավը 36 վայրկյանի ընթացքում կատարեց 4 հազար 3ՕՕ մետր անկում։ Բոինգ 767 մակնիշի օդանավը Նյու Յորքից Կահիրե ուղեւորվելու ճանապարհին կործանվեց Մասաչուսեթսի ափերին՝ դառնալով 217 անձանց մահվան պատճառ։

XS
SM
MD
LG