Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի բնակիչ. Արեւմտյան Վիրջինիան հարգեց Հայոց ցեղասպանության զոհ գնացած պապիս հիշատակը


«Ես արեցի դա հանուն իմ պապի, ում անունը Համբարձում Գասպարյան էր եւ ում անունը կրում եմ նաեւ եւ»՝ այսպես է սկսում իր պատմությունը 35 տարի առաջ Թուրքիայից ԱՄՆ գաղթած Արեւմտյան Վիրջինիայի բնակիչ Համբարձում Գասպարյանը, ով քարոզում էր նահանգում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:

Նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինի հռչակագրով Արեւմտյան Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը: Համբարձում Գասպարյանը, ում պապին գլխատել էին 1915 թվականին, իսկ նորածին հորը վերցրել էր թուրք մի ընտանիք, ասում է, որ ինքը պատկանում է մի սերնդի, որը Ցեղասպանության տարիներին սպանված իր պապերին ու տատերին չի տեսել.

«Իմ պապից ինձ մնացել էր միայն մի նկար: Ես այդ նկարը փակցրել էի ննջասենյակումս եւ ամեն գիշեր քնելուց առաջ նայում էի իմ պապիս աջքերի մեջ»:

Գասպարյանի խոսքով, իրեն մեծացրել էին որպես թուրք մահմեդական՝ Աջար Այարա անունով.

«Ծնողներս ինձ շատ բաներ չէին պատմում: Երբ Թուրքիայում էինք ապրում, նրանք վախենում էին եւ դա հասկանալի է: Եվ ես մեծանում էին որպես մահմեդական, սակայն, երբ որոշեցի ամուսնանալ հայ աղջկա հետ, ի հայտ եկան որոշ փաստեր եւ կյանքումս շատ բան փոխվեց»:

Ճշմարտությունն իմանալուց հետո նա նախընտրում է օգտագործել իր պապի անունն ու ազգանունը, որն իրեն տվել էին կնունքի ժամանակ՝ Համբարձում Գասպարյան: Գասպարյանը եւ Արեւմտյան Վիրջինիայի մի խումբ հայեր Հայոց ցեղապսնության ընդունման հարցը վեր են բարձրացրել Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ: Գրասենյակի Արեւելյան շրջանի պատասխանատու Արմեն Սահակյանի խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ոչ թե երկու ժողովուրդների, այլ` համամարդկային խնդիր է, եւ հայերը պետք է լինեն ցեղասպանությունները կանխող շարժման առաջին շարքերում, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից տուժած, սակայն նաեւ՝ համաշխարհային հանրությունից ապագայում աջակցություն ստացած ժողովուրդ.

«Այն գթասրտությունը, որը մենք ստացանք ժամանակին, փորձում ենք վերադարձնել, եւ սա այդ ձեւերից մեկն է. ամբողջ Արեւմտյան Վիրջինիա նահանգում ապրիլ ամիսը հայտարարվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի եւ ընդհանրապես ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման եւ դրանց պատմության ուսուցման ամիս»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, պնդելով, որ այն կազմակերպված չի եղել պետական մակարդակով: Սահակյանի խոսքով, Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումն անհրաժեշտ է առաջին հերթին թուրք ժողովրդի համար, որի մի մասն արդեն իսկ խոսում է սեփական պատմության մութ էջերի ճանաչման անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դաշնային կառավարությանը, ապա տարբեր տարիներին այն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը իրավական, օրենսդրական եւ գործադիր իշխանությունների մակարդակներով: Միացյալ Նահանգների հայ համայնքը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ավանդույթը շարունակական կլինի, առավել եւս նկատի ունենալով ԱՄՆ-ի կարեւորագույն օգնությունը հայերին 20-րդ դարի սկզբին:

«1915 թվականից մինչեւ 1930-ականները Միացյալ Նահանգները հենց այն պետությունն էր, որն իր ամբողջ ներուժը, կարողությունն ու գթասրտությունը ցուցաբերեց Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին», - ասում է Արմեն Սահակյանը:

Հիշեցնենք, որ 20-րդ դարի սկզբին Մերձակա Արեւելքի ամերիկյան հիմնադրամի միջոցով Ցեղասպանությունից տուժած հայերին 115 միլիոն դոլարի օգնություն տրամադրվեց, որը համարժեք է այսօրվա գրեթե երեք միլիարդին: Օգնություն, որի շնորհիվ միլիոնավոր մարդիկ փրկվեցին։

XS
SM
MD
LG