Մատչելի հղումներ

Թրամփը եւ Քլինթոնը՝ ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածուներ


Դոնալդ Թրամփը եւս մեկ քայլ կատարեցԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում հանրապետականների թեկնածու առաջադրվելու համար: Այս շաբաթ հինգ նահանգներում անցած նախնական ընտրություններում Դոնալդ Թրամփը ստացավ հանրապետական լիազորների մեծ մասը:

«Մենք հետ ենք նվաճելու մեր երկիրը, Ամերիկան կրկին հզոր ենք դարձնելու: Ինձ համար պատիվ է հինգ նահանգների աջակցությունը», - ասել է Թրամփը:

Թրամփը նշել է, որ իր համոզիչ հաղթանակների արդյունքում հանրապետական մյուս երկու թեկնածուները՝ Թեդ Քրուզն ու Ջոն Քեյսիքը պետք է պայքարից դուրս գան՝ զիջելով առաջադրումը իրեն: Քրուզը, սակայն, զիջել չի պատրաստվում, այլ ընդհակառակը՝ փորձում է գրոհել.

«Թրամփն ասում է, որ վաղը կարող է փոխվել, այլ մարդ դառնալ: Ասեմ ձեզ, ես նույն մարդն եմ այսօր, ինչպիսին էի երեկ եւ ինչպիսին կլինեմ վաղը՝ նախագահ դառնալուց հետո»:

Դեմոկրատների թվում պայքարը նույնպես թեժանում է: Հիլարի Քլինթոնը հաղթել է հինգ նահանգներից չորսում, որտեղ անցել էին նախնական ընտրությունները:

«Մենք կստեղծենք մեր երազած ապագան, որտեղ աշխատանքը պատիվ է բերում, ընտանիքները՝ աջակցություն ստանում, որտեղ փողոցները անվտանգ են եւ սերը հաղթում է», - նշել է Քլինթոնը:

Նախնական ընտրությունների արդյունքները ամրապնդել են հանրապետական Թրամփի եւ դեմոկրատ Քլինթոնի դիրքերը, որպես առջեւում սպասվող նախագահական ընտրություններում իրենց կուսակցությունների հավանական թեկնածուներ։Սակայն Հանրապետական կուսակցության ներսում ամեն ինչ դեռ անորոշ է:

Վերլուծաբան Չարլի Գերոուի խոսքով, եթե Թրամփին չհաջողվի առաջին փուլում հավաքել անհրաժեշտ թվով լիազորների ձայներ, ապա երկրորդ փուլում լիազորները կարող են փոխել քվեն եւ առաջադրել Քրուզին կամ Քեյսիքին.

«Սա այն դեպքերից է, երբ մինչեւ վերջին պահը պարզ չէ, թե ով կարող է առաջադրվել, եւ դա շատ լավ է, հենց այսպես պետք է լինի»:

XS
SM
MD
LG