Մատչելի հղումներ

Փորձագետ. Աշխարհի համար ղարաբաղյան բախումները անսպասելի էին


Միջազգային հանրության համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բախումները անսպասելի էին, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերը.

«Աշխարհն այնքան էր կենտրոնացել Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի վրա, որ երբ Լեռնային Ղարաբաղի նախկինում սառեցված հակամարտությունը սրվեց, միջազգային ասպարեզում ոչ ոք չգիտեր՝ դրան ինչպես արձագանքել»:

Վերլուծաբանի կարծիքով, ղարաբաղյան խնդիրն այնքան բարդ է, որ միջազգային հանրությունը չի ցանկանում ներգրավվել դրա կարգավորման մեջ.

«Այսպես, եթե Սիրիայի դեպքում բոլորը ցանկանում էին ներգրավվել եւ օգնել փախստականներին, ղարաբաղյան խնդիրը համարվում է Սառը պատերազմից մնացած խնդիր, որը պետք է կարգավորի Ռուսաստանը, սակայն, Ռուսաստանն էլ ցանկություն չունի այն կարգավորելու»:

Ուոքերի խոսքով, թեեւ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, հակամարտության անմիջական տարածքում գտնվող մարդկանց մոտ կարող է պատրանք ստեղծվել, որ այն հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով.

«Այնտեղ գտնվող մարդիկ կարող են հավատալ, որ կարող են ռազմական հաղթանակ տանել, կարող են փորձել կրկին պատերազմ սկսել: Ու եթե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ամեն ջանք չկիրառեն պատերազմից խուսափելու համար, ապա նոր պատերազմ կարող է սկսվել»:

Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղը ներկայացնող Ռոբերթ Ավետիսյանի խոսքով, Ղարաբաղի ժողովուրդը պատերազմ չի ուզում, սակայն չկա որեւէ նախապայման, որ ադրբեջանական կողմը նույնպես կիսում է այդ մոտեցումը.

«Մենք հույս ունենք, որ այս դեպքերից հետո, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հասկացավ, որ ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել այս հարցը, նրանք ավելի համեստորեն կընդունեն բոլոր առաջարկները, թե՛ հայկական կողմի, եւ թե՝ միջազգային հանրության»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն իր հերթին միջազգային հանրությանը մի քանի օր է, ինչ հայտարարում է, որ պահպանում է հրադադարը:

Փորձագետների կարծիքով սակայն, կողմերին անհրաժեշտ է կտրուկ քայլերի դիմել՝ պատերազմից խուսափելու համար:

«Կարող է լինել կամ ընթացք դեպի խաղաղություն կամ՝ ընթացք դեպի պատերազմ: Այժմ նկատվող ընթացքը գնում է դեպի պատերազմ եւ այս ճանապարհով ընթանալու դեպքում, պատերազմն անխուսափելի է դառնում, քանի որ եթե այս բոլոր զոհերը մնան առանց արձագանքի, այն կկրկնվի», - ավելացնում է Ջոշուա Ուոքերը:

XS
SM
MD
LG