Մատչելի հղումներ

Ֆրանսիայի նախագահին ջերմ ընդունելության են արժանացնում Մալիում


Մալիի ժողովուրդը հանդիսավոր կերպով դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որը սկսեց ճամբորդություն դեպի Ֆրանսիայի նախկին այս գաղութը։ Ֆրանսիական ուժերի աջակցությամբ Մալիի զինված ուժերը նախորդ երեք շաբաթների ընթացքում իսլամիստ զինյալ խմբերին կարողացել են հետ մղել երկրի հյուսիսային հատվածներում։

Նախագահ Օլանդին այս այցի ժամանակ ուղեկցում են պաշտպանության եւ ֆինանսների նախարարները։ Նրանք այց են կատարել Սեւար քաղաքը, ապա ուղեւորվել դեպի հնագույն քաղաք Թիմբուքթու, որը երկու երկրների զորքերի համատեղ ջանքերով հետ էր գրավվել անցած կիրակի օրը՝ 1Օ ամիս ապստամբների վերահսկողության տակ մնալուց հետո։
Թիմբուքթուում Օլանդի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են ազգային պարերով ու երգով, ինչպես նաեւ բացականչել ՝՝Կեցցե Ֆրանսիան՝՝ բառերը։ Օլանդն այցելել է հին մի մզկիթ ու գրադարան, որոնք երկուսն էլ նախկինում հայտնվել էին զինյալների նշանառության տակ։
Օլանդն իր խոսքում ասել է, թե բոլոր քաղաքներն էլ գրավել են Մալիի ուժերը՝ ֆրանսիական ուժերի աջակցությամբ ու հիշեցրել, որ չի եղել որեւէ քաղաք, ուր առաջինը մուտք գործեն ֆրանսիացիները։

Օլանդն այժմ հորդորում է, որ աֆրիկյան երկրների բանակային ուժերը փոխարինեն ֆրանսիացիներին։
Այս պահին Մալիի եւ Ֆրանսիայի զինվորականները պատրաստվում են գրավել իսլամիստների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքը՝ Քիդալը։

XS
SM
MD
LG