Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում երկրորդ անգամ երդում տվեց Բարաք Օբաման


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը Վաշինգտոնի ժամանակով ժամը 11։55-ին (Երեւանի ժամանակով 2Օ։55) տվեց նախագահական երդում։ Երկրորդ պաշտոնավարման երդման արարողությունն անցավ նեղ շրջանակներում՝ միայն ընտանիքի անդամների ու պաշտոնատար մի քանի անձանց ներկայությամբ, քանի որ երդմնակալության ու երկրորդ պաշտոնավարումը ստանձնելու հանդիսավոր արարողություններն անց են կացվելու վաղը։ ԱՄՆ-ի պատմության մեջ սա չորրորդ անգամն է, որ հունվարի 2Օ-ը կիրակի օր լինելու պատճառով, նախագահը, մինչեւ հանդիսավոր արարողությունները երդում է տալիս նեղ ընտանեկան շրջանակներում։

Օբամայի երդման արարողությունը Սպիտակ տան Կապույտ սրահում ընդունեց ԱՄՆ-ի Արդարադատության նախարար Ջոն Ռոբերթսը։ Երեք րոպեանոց արարողությունն ըստ Սահմանադրության պիտի տեղի ունենա մինչեւ կեսօր, որպեսզի նախագահի պաշտոնը թափուր չմնա եւ ոչ մի րոպե։

Հանդիսավոր արարողությունները տեղի են ունենալու երկուշաբթի օրը, երբ նախագահը հանդես կգա հրապարակային երդմամբ, այս պաշտոնավարման ընթացքում՝ նախագահական առաջին ուղերձով, որից հետո կսկսվեն պարահանդեսներ ու շքերթներ։ Երկուշաբթի օրը նախագահի հանդիսավոր պաշտոնամուտի արարողությանը Կոնգրեսին հարող զբոսայգում ներկա կգտնվի ավելի քան 8ՕՕ հազար մարդ։

Վաշինգտոնում այս պահին շարունակվում են արարողության անցկացման նախապատրաստական աշխատանքները, որտեղ հնչելու են հայտնի խոսքերը. ՝՝Երդվում եմ կարողություններիս առավելագույն չափով պահել, պահպանել ու պաշտպանել Միացյալ Նահանգների Սահմանադրությունը՛՛։

XS
SM
MD
LG