Մատչելի հղումներ

Մալիում զինյալներից հետ է գրավվել երկրորդ քաղաքը


Արեւմտյան Աֆրիկայի երկրները քննարկում են Մալի հավելյալ զորքեր ուղարկելու հարցը՝ այստեղ իսլամիստ զինյալների դեմ գործողություններ իրականացնելու հարցում ֆրանսիական ուժերին օգնելու համար։

Փղոսկրի ափ պետության մայրաքաղաք Աբիջանում անցկացվող վեհաժողովի ժամանակ հանդիպում են ունենալու Արեւմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցության անդամ պետությունների ղեկավարները։

Իսկ Մալիից ստացված հաղորդագրությունների համաձայն, ֆրանսիական ուժերի աջակցությամբ Մալիի բանակային ուժերն իսլամիստներից հետ են գրավել արդեն երկրորդ քաղաքը։

Ֆրանսիական եւ արեւմտաաֆրիկյան տարածշրջանային ուժերի կողմից անցնող մեկ շաբաթվա ընթացքում իրականացված ռազմական գործողությունները կարծես թե կանգնեցրել են ալ Քաիդայի հետ ամուր կապեր ունեցող զինված խմբերի կողմից դեպի հարավ առաջխաղացման ընթացքը։ Մալիի մեծ մասն այժմ այս ուժերի վերահսկողության տակ է։

Ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցն է տեղից հաղորդում, Մալիի ժողովուրդը ջերմությամբ է ողջունում ֆրանսիական ուժերի մուտքը որեւէ քաղաք։ Մարդիկ ավտոմեքենաներին ու փողոցների բոլոր անկյուններում ամրացնում են Ֆրանսիայի դրոշներ։ Նրա խոսքերով, բոլորի հետ, ում ինքը զրուցել է, ՝՝չափազանց ուրախ են ֆրանսիական ուժերի կողմից իրականացված ներխուժման համար՛՛։

Ըստ պաշտոնական աղբյուրների, Մալիում այսօր տեղաբաշխված են ֆրանսիական 18ՕՕ թվակազմով ուժեր, որոնք մի քանի օրվա ընթացքում հասցվելու են 25ՕՕ-ի։

Արեւմտյան Աֆրիկայի երկրները պատրաստվում են Նիգերիայից, Նիգերից, Չադից, Բուրկինա Ֆասոյից ու Տոգոյից մի քանի օրվա ընթացքում այստեղ 2ՕՕՕ թվակազմով ուժեր տեղակայել։

Փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի գործակալության փորձագետները կարծում են, որ եկող ամիսների ընթացքում կաճի Մալիից արտագաղթող անձանց թիվը։ Նրանց հաշվարկով երկրի ներսում իրենց տներից կհեռանա 3ՕՕ հազար մարդ, այլ երկրներ կմեկնի եւս 4ՕՕ հազարը։

XS
SM
MD
LG