Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի հրթիռն ունի ԱՄՆ-ի արեւմտյան ափերին հասնելու հեռահարություն


Հյուսիսային Կորեայի կողմից այս շաբաթ տիեզերք արձակված հրթիռի բեկորները, որոնք հայտնաբերվել են Հարավային Կորեայի տարածքում, խոսում են այն մասին, որ Փհենյանը նկատելիորեն զարգացրել է բալիստիկ հրթիռների տեխնոլոգիան։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը, որը կիրակի օրն ասել է նաեւ, թե Հյուսիսի հրթիռն ունի մինչեւ 1Օ հազար կիլոմոտետր հեռահարություն, եթե իր վրա կրի 5ՕՕ-ից 6ՕՕ կգ մարտագլխիկ։ Մասնագետներն ասում են, սա նշանակում է, որ հրթիռը կարող է հասնել մինչեւ ԱՄՆ-ի արեւմտյան ափեր։

Սակայն Հարավային Կորեան չի կարծում, որ Հյուսիսն այսօր ունի հրթիռի վրա տեղադրելու համար միջուկային ռումբն իր ծավալներով նկատելիորեն փոքրացնելու տեխնոլոգիա։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան հայտարարում է, թե դեկտեմբերի 12-ին արձակված հրթիռի նպատակը եղել է օդերեւութաբանական հետազոտություններ կատարող արբանյակին տիեզերք հասցնելը եւ կրել է միայն խաղաղ նպատակներ։

Հրթիռագիտության մասնագետների պատվին անցկացված ճաշկերույթի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունն ուրբաթ օրը կոչ էր արել զարկ տալ երկրի հրթիռների զարգացմանը։

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Ճապոնիան ու մի շարք այլ երկրների կառավարություններ դատապարտել են Հյուսիսից հեռահար հրթիռի արձակումը՝ այն համարելով բալիստիկ հրթիռների արձակման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դրված արգելքի ոտնահարում։

XS
SM
MD
LG