Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը քննադատում է Իսրայելի նախաձեռնությունը


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հայտարարում է, թե Արեւելյան Երուսաղեմի մոտ հրեական նոր թաղամասեր հիմնելու Իսրայելի ծրագրերը չեն օգնի լուծել պաղեստինյան ճգնաժամը։ Վաշինգտոնում հանդիպում ունենալով Իսրայելի պաշտոնատար անձանց հետ՝ Քլինթընն ասել է, թե հրեաների համար նոր բնակավայրերի կառուցման ծրագիրը կարող է խափանել բանակցային գործընթացը։ ՝՝Մենք բոլորս պիտի միասնաբար աշխատենք, որպեսզի խնդրի համար գտնենք ՝՝երկու պետություն՛՛ տարբերակը՛՛, ասել է նա։
Իսրայելն ուրբաթ օրն էր հայտարարել իր կողմից գրավյալ տարածքներում հրեաների համար նոր 3ՕՕՕ տուն կառուցելու ծրագրի մասին, ինչը թույլ չի տա պաղեստինյան պետության հաստատում, քանի որ այն պաղեստինյան այս հատվածները կկտրի Հորդանան գետի արեւմտյան ափի տարածքներից։
Քլինթընը նաեւ քննադատել է Պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբբասին, որի նախաձեռնությամբ անցնող շաբաթ ՄԱԿ-ում կայացվեց Պաղեստինին այս կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ տալու որոշում։
՝՝Նախագահ Աբբասը քայլեր է կատարում սխալ ուղղությամբ՛՛, հայտարարել է Քլինթընը, ավելացնելով, որ ԱՄՆ-ը դեմ է ՄԱԿ-ի այս բանաձեւին։

՝՝Երբ Իսրայելի եւ պաղեստինցիների ղեկավարները հայտնեն բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պատրաստականության մասին, նրանց կմիանա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՛՛, ասել է Քլինթընը։

XS
SM
MD
LG