Մատչելի հղումներ

Թուրքիայում հայկական վերջին գյուղը կարող է կորցնել իր կարգավիճակը


Թուրքիայում քաղաքային սահմանները վերագծելու մասին օրենքի նոր նախագիծը սպառնում է Թուրքիայում հայաբնակ միակ գյուղի կարգավիճակին։ Հաթայի գավառում գտնվող հայաբնակ, 135 բնակիչ ունեցող Վաքիֆլին կարող է կորցնել իր ՝՝հատուկ՛՛ կարգավիճակը։

՝՝Հուրիեթ՛՛ պարբերականին տված հարցազրույցում Վաքիֆլիի համայնքի ղեկավար Չեմ Ջափարն ասել է, թե գյուղն իր ներկա կարգավիճակով պահպանելու հանգամանքը շատ կարեւոր է ե՛ւ հայ բնակիչների ե՛ւ Թուրքիայի հեղինակության համար։ ՝՝Մենք հույս ունենք, որ նոր օրենքի ընդունման դեպքում էլ մեր իրավունքները կպահպանվեն՛՛, ասել է նա ու բացատրել, որ օրենքի նախագծի համաձայն, նոր քաղաքային տարածքում շրջակա գյուղերը վերածվելու են տվայլ քաղաքի արվարձանների։ Սա նշանակում է, որ Վաքիֆլին կկորցնի գյուղի կարգավիճակը եւ այն այլեւս չի համարվի Թուրքիայի հայկական միակ գյուղը։

Ջափարը տեղեկացրել է, որ իրենք այս հարցը ներկայացրել են Հաթայի գավառապետին եւ արդարադատության նախարարին։

Հաթայի գավառը հանրաքվեի արդյունքում 1939 թվականին է Սիրիայից փոխանցվել Թուրքիային եւ ուժի մեջ մտել մի օրենք, որը թույլ չի տվել օտարազգիներին հաստատվել այս գյուղում։ ՝՝Մենք շատ ուրախ կլինեինք, որ Վաքիֆլին այժմ էլ պաշտպանվեր նման մի օրենքով, այլապես գյուղը երկար չի դիմանա ու կվերանա այնպես, ինչպես Անատոլիայում հայկական շատ ու շատ գյուղեր՛՛ ասել է հայ համայնքի ղեկավարը։ Իսկ Հաթայի գավառապետի խոսնակը նույն թերթին տեղեկացրել է, որ ՝՝սահմանափակումներ չեն դրվի այս գյուղում բնակություն հաստատելու ցանկություն ունեցող ոչ հայերի վրա՛՛։

XS
SM
MD
LG