Մատչելի հղումներ

Մահապարտ երկու անձինք ռումբեր են պայթեցրել Սիրիայի Դարաա քաղաքում գտնվող ռազմական մի ճամբարի մոտ, ինչի արդյունքում անվտանգության ուժերի առնվազն 2Օ զինծառայող է սպանվել։ Պայթյունները տեղի են ունեցել մեկը մյուսից մի քանի րոպե տարբերությամբ։ Սիրիայի պետական լրատվամիջոցները պատասխանատվությունը դնում են ՝՝ահաբեկիչների՛՛ վրա՝ տեղեկացնելով նաեւ, որ պայթյունների արդյունքում հասցվել է նյութական մեծ վնաս։

Պայթյուններն իրականացվեցին այն ժամանակ, երբ Սիրիայի ընդդիմադիր ուժերի ղեկավարները Քաթար պետությունում բանակցություններ են անցկացնում այսպես կոչված ՝՝սպասողական կառավարություն՛՛ կազմելու հարցով, որը թույլ կտա ավելի համակարգված գործողությունների մշակում ընդդեմ Բաշար ալ Ասադի կառավարության։

Բանակցություններում Սիրիայի ազգային խորհուրդը, որը երկրի ընդդիմադիր գլխավոր խմբավորումն է, փորձում է պահպանել իր ղեկավար դերը։ Սակայն ընդդիմությանը սատարող Արեւմուտքն ու արաբական երկրները ապստամբների ավելի ընդգրկուն կոալիցիա կազմելու կոչերով են հանդես գալիս։

Բաշար ալ Ասադը պնդում է, թե ինքը դեռեւս ունի Սիրիայի ժողովրդի ու բանակի աջակցությունը, չնայած այն հանգամանքին, որ բանակի ավելի մեծ թվով սպաներ են փախուստի դիմում դեպի Թուրքիա։

Թուրքիան տեղեկացրել է, որ միայն ուրբաթ օրն այստեղ է ժամանել Սիրիայի բանակի 26 սպա, որոնցից երկուսը՝ գեներալներ, 11-ը՝ գնդապետներ են։

XS
SM
MD
LG