Մատչելի հղումներ

Մահմեդական երկրներում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը


Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակել են մայրաքաղաք Կահիրեում ամերիկյան դեսպանատան շենքի տարածքը, որտեղ հակամահմեդական տրամադրություններով նկարահանված ֆիլմի պատճառով շարունակվում են չորս օր առաջ սկսված բողոքի ցույցներն ընդդեմ ԱՄՆ-ի։ Ոստիկանությունն անցած գիշեր կալանավորել է տասնյակ ցուցարարների, երբ վերջիններս փորձել են հրահրել բռնություններ։

Թունիսից մինչեւ Եգիպտոս, Սուդանից մինչեւ Եմեն բողոքի ցույցերի մասնակիցները պաշարել են ԱՄՆ-ի ու նրա դաշնակից երկրների դեսպանատները։ Այս ընթացքում գրանցվել է մահվան երկու դեպք։
Ամենա բռնի ցուցերն անց են կացվել Սուդանի մայրաքաղաքում, որտեղ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի դեսպանատների վրա իրականացված գրոհների ընթացքում կատաղի ամբոխն ընդհարվել է ոստիկանության հետ։ Ամերիկյան դեսպանատան առջեւ անվտանգության ուժերը սպանել են ցուցարարներից մեկին։


Մեկ այլ ցուցարար է սպանվել Լիբանանում։ Ամբոխը գրոհներ է ձեռնարկել նաեւ Թունիսում՝ այստեղ այրելով ԱՄՆ-ի դեսպանատունը։

Իսկ Վաշինգտոնի մոտակայքում ռազմաօդային հենակետերից մեկում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ արտգործնախարար Հիլարի Քլինթընը հարգանք տուրք մատուցեցին Լիբիայում մի քանի օր առաջ սպանված դեսպան Քրիսթոֆըր Ստիվընսի ու դեսպանատան 3 այլ աշխատակիցների հիշատակին՝ ընդունելով նրանց մարմինները։

XS
SM
MD
LG